Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Ապրիլ 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ.-ն:
Մայր Տաճարի զանգերու ղօղանջներուն ներքոյ, Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքը թափօրով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարուեցաւ «Հրաշափառի» արարողութիւնը։
Տաճարին մէջ երկու Հովուապետները խոնարհեցան Իջման Սուրբ Սեղանին առջև: Միասնական աղօթքէն ետք, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յանուն Մայր Աթոռի միաբանութեան, ողջունեց և իր բարեմաղթութիւնները յղեց Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ. Պատրիարքին:
Իր կարգին, Եփրեմ Բ. Պատրիարքը գոհունակութիւն յայտնեց Աստուծոյ կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղօթք բարձրացուց Հայոց Եկեղեցւոյ պայծառութեան, հայ ժողովուրդի բարօրութեան և տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատման համար։
Ապա Վեհարանին մէջ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքի առանձնազրոյցը:
Աղբիւրը՝ Արեւելք
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ