Էջմիածին Էջմիածին 

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով, Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Մոր Իգնատիուս Եփրեմ Բ. Պատրիարքը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ուր դիմաւորուեցաւ «Հրաշափառի» հանդիսաւոր արարողութեամբ։ Մայր Տաճարին մէջ միասնական աղօթք բարձրացնելէ ետք, երկու Հովուապետները Վեհարանին մէջ ունեցան առանձնազրոյց՝ վերահաստատելով երկու Եկեղեցիներու եղբայրական կապերը։

Ապրիլ 20-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաւէրով, Հայաստան ժամանեց Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարք Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ.-ն:

Մայր Տաճարի զանգերու ղօղանջներուն ներքոյ, Սուրբ Էջմիածնի միաբանութիւնը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքը թափօրով առաջնորդեց Միածնաէջ Մայր Տաճար, ուր կատարուեցաւ «Հրաշափառի» արարողութիւնը։

Տաճարին մէջ երկու Հովուապետները խոնարհեցան Իջման Սուրբ Սեղանին առջև: Միասնական աղօթքէն ետք, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, յանուն Մայր Աթոռի միաբանութեան, ողջունեց և իր բարեմաղթութիւնները յղեց Նորին Սրբութիւն Մոր Իգնատիուս Եփրեմ Բ. Պատրիարքին:

Իր կարգին, Եփրեմ Բ. Պատրիարքը գոհունակութիւն յայտնեց Աստուծոյ կամքով Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելելու առիթով և աղօթք բարձրացուց Հայոց Եկեղեցւոյ պայծառութեան, հայ ժողովուրդի բարօրութեան և տարածաշրջանին մէջ խաղաղութեան հաստատման համար։

Ապա Վեհարանին մէջ տեղի ունեցաւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ Ընդհանրական Պատրիարքի առանձնազրոյցը:

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/04/2026, 07:00