Կարդինալը ըստ Աշոտ Աղաբաբեանի համանուն գրքի
Մերօրեայ ամենապահանջուած հեղինակ՝ Աշոտ Աղաբաբեանի գրքերին ընթերցասէր հասարակութիւնը մեծ ոգեւորութեամբ է սպասում։ Իւրաքանչիւր նոր գրքի լուսընծայում իրադարձութիւն ու տօն է։ Այս տարուայ գլուխգործոցը «Կարդինալը» վէպն է։ Սա ոչ միայն գիրք է, այլ մի հզօր ու բացառիկ հայի պատմութիւն՝ հիմնուած բացառապէս փաստերի վրայ։ Հեղինակը իրեն յատուկ վարպետութեամբ ու բարձր մասնագիտութեամբ փորձել է մարդկութեանը իրազեկել Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանեանի սրբազան կերպարը։
Աշոտ Աղաբաբեանի գրչի ուժն ու գաղտնիքը դա իր աննախադէպ խորագիտութիւնն ու մասնագիտական գիտելիքների արդիւնաւէտ կիրառումն է։ Ամէն մի գրքի գրանցած փայլուն յաջողութեան գրաւականը՝ հերոսի ճշգրիտ ընտրութիւնն ու գաղտնի տեղեկատւութեան հազուագիւտ վերծանումն է, հեղինակի գրաւոր խօսքի զօրութեամբ։
Աղաբաբեանի ցանկացած գիրք յայտնուելով ընթերցողի ձեռքում մէկ շնչով, առանց դադարի աւարտին է հասցւում։ Գերբնական «էներգիա» կայ նրա գրքերում ու մենաշնորհային ձեռագիր։
Մերօրեայ խառնիխուռն ու լճացած իրականութեան մէջ ուրախալի ձեռքբերում է Աշոտ Աղաբաբեանի ֆենոմենը։ Նա կարողանում է հազարաւոր մարդկանց մէջ հետաքրքրութիւն ու սէր արթնացնել դէպի գիրքն ու ընթերցանութիւնը։
«Կարդինալը» գիրքը Աշոտ Աղաբաբեանի կատարելութեան հասած բարձրակէտն է։
Սա լոկ գիրք չէ ... Իրողութիւն է...
Վէպը ամենաազնուաբարոյ, աստուածային էակի, մեծագոյն հայի, վեհաշուք կաթողիկոսի առեղծուածի բացայայտումն է։ Իրական պատմութիւն է մի հայ տղայի, որը յետագայում դարձաւ Կարդինալ, իսկ այնուհետեւ Վատիկանի հաւատի տարածման Սուրբ ժողովի նախագահ։ Հեղինակութիւն էր Վատիկանում, Սուրբ Աթոռի երկրորդ դէմքը, առաջինը՝ պապից յետոյ։
«Աստուած տուր ինձ, խաղաղութիւն ընդունելու այն, ինչը ես չեմ կարող փոխել, եւ տուր ինձ արիութիւն՝ փոխելու այն, ինչ ես կարող եմ փոխել». Կարդինալ։
Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանեան, իրական անունը՝ Ղազարոս։ 1895 թուականի Սեպտեմբերի 18-ին, Կարինից գաղթած Յարութիւնի եւ Իսկուհու ընտանիքում՝ սրբազան լոյս վառուեց։ Ախալցխա քաղաքում ծնուեց ՆԱ։
1906 թուականին 11 տարեկան Ղազարոսը տեղափոխւում է Հռոմ։ Սովորում է հայ կաթողիկէ Լեւոնեան վարժարանում։ Տարիներ անց տնօրինում էր այն։ Եւ, երբ 1946 թուականին Աղաջանեանը դարձաւ Կարդինալ, վարժարանը բեկումնային վերելք ապրեց։ Պիոս 12-րդ Հռոմի պապի առաջարկը մերժելով, Գրիգոր Աղաջանեանը հրաժարուեց Վատիկանի պալատի իրեն յատկացուած գրասենեակից, այն տեղափոխելով՝ Լեւոնեան վարժարան։
«Ես այդ բոլորի պէտքը չունեմ, ես պիտի մնամ հայկական Լեւոնեան կաթողիկէ վարժարանում։ Իմ բնակարանս հոն է, գրասենեակս հոն է, եւ Լեւոնեան վարժարանում բնակուող հայ վարդապետներն ու մանկավարժները կը լինեն իմ օգնականները».‒ ասել է նա։
Տիտղոսակիր Կարդինալը մշտապէս առաջին հերթին ներկայանում էր հայ կաթողիկէ եկեղեցու կաթողիկոս։ Ինքն իր կարգավիճակն ու հեղինակութիւնը շատ յաճախ օգտագործում էր յանուն հայրենիքի։ Եւ այն հայրենիքի, որը այդպէս էլ անկատար երազանք մնաց՝ գէթ մէկ անգամ լինել հայրենի եզերքում, Հայաստանում։
Սակայն, այն իր սրտում ու հոգում էր։
Մեծ հոգին լուռ է տառապում...
Հայրենիքի կարօտի ձայնը, Իսկուհի մայրիկի նուրբ շշնջացող ձայնն ունէր, որը միշտ Գրիգոր Աղաջանեանի մտքում էր. «Երբեք չյանձնուէք, քանի դեռ մարդը չի յանձնւում, նա իր ճակատագրից ուժեղ է»։
Վսեմաշուք էր կարդինալը, աչքի զարնող արժանապատիւ պահուածքով, հզօր ու անսասան կամքով, կատարեալ հաւասարակշռութեամբ. Հռոմի պատմութեան մէջ են 1958 եւ 1963 թթ-ի պապի ցնցումային ընտրութիւնները Սիքստինեան Մատուրում։ Ամենահզօր ու անմրցունակ թեկնածուն ազգութեամբ հայ կարդինալ
Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանեանն էր։ Նա վայելում էր աշխարհի բոլոր ժողովուրդների սէրն ու յարգանքը, անկախ կրօնից, ազգային պատկանելիութիւնից։
Կարդինալը հմուտ դիւանագէտ էր, ունէր հզօր ու ազդեցիկ խօսք։ Անմնացորդ ծառայում էր Աստծուն, Եկեղեցւոյ ու մարդկութեանը։ Նուիրեալ էր։ Նա աւարտել էր Ուրպանեան եւ Լատերանի համալսարանները՝ աստուածաբանութեան, փիլիսոփայութեան եւ իրաւագիտութեան դոկտոր էր, տիրապետում էր ինը լեզուի։ Հանդիսանալով արեւելեան եկեղեցական իրաւունքի Կանոնագրքի հարցերով պապական յանձնախմբի նախագահ, իր օրօք տպագրուել է Կանոնագրքի 60 հատորից 20-ը։
Հայութեան համար իրականացրած կարեւոր գործերի ձեռքբերումները անքակտելի պատմական իրադարձութիւններ են։
Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանեանը, երբ 42-ամեայ նորաօծ կաթողիկոս էր, փրկում է Սիրիայի Քեսապ գիւղաքաղաքը՝ իր ինը հայկական գիւղերով։ Ազատագրւում է 35 000 հայ։
Աշխարհում պատմութեան մէջ առաջինն էր ով յուշարձան վեր խոյացրեց, 1939 թուականին Ապրիլի 23-ին Պէյրութում՝ նուիրուած Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակին։
«Երջանիկ եմ, որ ծառայում եմ Աստծուն ու իմ ժողովրդին։ Երջանկութեան գոհութեան պահեր շատ եմ ունեցել։ Երբ Քեսապը հրաշքով փրկուեց, երբ հնարաւորութիւն ունեցայ 15 եկեղեցի կառուցելու, հայկական որբանոցներ, 12 անվճար դպրոցներ, հիւանդանոցներ բացելու։ Երջանիկ էի, երբ Ախլցխայում մօրս ու քոյր-եղբայրներիս հետ էի։ Բայց ինչպէ՞ս երջանիկ զգամ, երբ ազգս, հայրենիքս այս ծանր վիճակում է»... Կարդինալ։
Աղաջանեանը լինելով անխոնջ առաքեալ, այցելում էր աշխարհի ամենաթէժ ու վտանգաւոր վայրեր, փայլուն կերպով իրագործում իր բարդագոյն առաքելութիւնը, որի շնորհիւ բարձրանում էր Վատիկանի հեղինակութիւնը։ Նրան կնքել էին «Աւետարանի ճամբորդ»։ Քանզի ամենաշատ ճամբորդող կարդինալն էր։ Աշխարհի խաղաղութեան դեսպանը համարւում էր հայ ազգի զտարիւն կարդինալը, ով բոլոր ժողովուրդներին հաշտութեան ձեռք էր մեկնում։
Իր կեանքի վերջին երկու ամիսները նա անցկացրեց Անարատ Յղութեան միաբանութեան Հռոմի մայր վանքում։ Հայ քոյրերը փորձում էին թեթեւացնել կարդինալի կեանքի մայրամուտը։
«Աղաջանեանը վիթխարի երեւոյթ է, վիթխարի համեստութեամբ».-ասել է լրագրողներին Հռոմի պապ Պօղոս 6-րդը, կարդինալին տեսակցութեան ժամանակ։
Տիեզերական մեծութեան հոգեւորականը 1971 թուականի Մայիս 16-ին ի Տէր ննջեց։ Մեծահամբաւ հայ կարդինալին Վատիկանից դամբանական երթն ուղեկցեց Սուրբ Նիկողայոս Տոլենտինացու եկեղեցի։ Սրբադաս հոգեւորականը յուղարկաւորուեց եկեղեցու ներսում՝ Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մատուռում։ Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանեանի վերջին կամքին համաձայն, 53 տարի անց, 2024 թուականի Սեպտեմբերին վերայուղարկաւորուեց Պէյրութի իր իսկ կառուցած Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցու նորակառոյց շիրմաստանը։ Կարդինալը իր կտակում գրել էր. «Կ’ուզեմ, որ իմ գերեզմանը Զմմառ հանգչող նախորդներուս քովն ըլլայ»։ Զմմառ նորաշէն ընծայարանը կառուցուել է տիեզերական կարդինալի հովանաւորութեամբ, ի յիշատակ իր մօր՝ Իսկուհի Աղաջանեանի։ 1965 թուականի Յուլիսի 7-ին իր քոյր Եղիսաբեթն է կտրել ընծայարանի դռան ժապաւէնը։
«Ներկայից պիտի շնորհակալ լինես, չափսոսաս անցեալի համար եւ չվախենաս ապագայից»... Խորհուրդ լեգենդար ԿԱՐԴԻՆԱԼԻՑ։
Մարիաննա Գէորգեան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.