Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Կաքաւիկ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (150)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք «Կաքաւիկ» երգը, որն առաջին անգամ հրատարակուել է Թիֆլիսում 1908 թուականի ապրիլին՝ որպէս յաւելուած մանկական «Հասկեր» ամսագրի: Նշւում է, որ խօսքը ժողովրդական է, որը մշակել է Յովհաննէս Թումանեանը, իսկ երաժշտութեան հեղինակը Կոմիտասն է: Նա այս ստեղծագործութիւնը գրել է մենակատարի եւ մանկական խմբի համար: Սակայն «Կաքաւիկը» կատարւում է նաեւ որպէս մեներգ:

Սակայն պատմական գիտութիւնների դոկտոր Սարգիս Պետրոսեանը կարծում է, որ սա հնագոյն երգերից է․ այդ մասին է վկայում կրկներգում բազմիցս կրկնուող «սիրունիկ» բառը, իսկ այդ երեւոյթը յատուկ է խորը անցեալից եկող երգերին։ Կոմիտասի ժամանակներում գուցէ երգի մեղեդին արդէն պահպանուած չի եղել, կամ պատառիկներ են պահպանուած եղել, որոնց հիման վրայ էլ նա ստեղծել է այս նոր մեղեդին։

Իսկ բովանդակութեան մասով պատմաբանը կարծում է, որ սա եւս գարնան ու ծաղկունքի գովք է։ Սկզբում բնութեան մէջ նախ ծառերն են բողբոջում, որով ծառը զարդարւում է։ Իզուր չէ, որ մենք Ծաղկազարդի տօնն անուանում ենք նաեւ Ծառզարդար։ Ծառերի բողբոջելուց յետոյ նոր բացւում են նրա ու դաշտերի ծաղիկները։ Այսպիսով, այս երգը հաւանաբար վերաբերում է այդ երկրորդ փուլին։ Եթէ Արարատեան դաշտում բողբոջելու եւ ծաղկելու միջեւ կարճ ժամանակահատուած է ընկած, ապա Շիրակում կամ լեռնաշխարհի մեծ մասում բողբոջելուց մինչեւ ծաղկունք ընկած ժամանակահատուածը բաւականին երկար է տեւում եւ յստակ փուլերի է կարծես բաժանուած։ Դրա պատճառը ծովի մակերեւոյթից աւելի քան 1500 մետր բարձրութիւն ունենալն է։

Իսկ այժմ տեսնենք բովանդակութիւնը․ այս երգով մարդը գովերգում է կաքաւ թռչնին՝ իր սէրը ցոյց տալով հայրենի բնութեան հանդէպ: Մարդը, որ կարծես առօրեայ հոգսերի մէջ մխրճուած, մռայլուած նստել է մի քարի, յանկարծ տեսնում է, թէ ինչպէս են թուխ ամպերը բացւում, եւ նրանց տակից ելնում է արեւը: Կարծես արեւի հետ էլ իր խոժոռուած հոնքերն են բացւում, եւ ժպիտ է գծւում դէմքին: Մէկ էլ տեսնում է, որ արեւի ջերմութիւնից զուարթացած՝ մի կաքաւ է թռչում գալիս սարից՝ թեւերով փարուելով, կարծես, բարեւելով դաշտի ծաղիկներին: Յետոյ մարդը տեսնում է, թէ ինչպէս է կաքաւը գնում ծաղիկներից հիւսուած իր բոյնը, արթնացնում է իր ճուտիկներին, եւ սկսում են շորորալով միասին զբօսնել կանաչ դաշտում: Եւ կեանքի հոգսերով բեռնաւորուած մարդը սրտի թեթեւութիւն է զգում, երբ զննում է թռչնակի սիրունիկ, փոքրիկ գլուխը, որ այս ու այն կողմ է դառնում ու ծլվլալով կանչում է իր ձագուկներին: Իսկ երբ կաքաւը կանգնում է մամռոտ մի քարի ու պայծառ արեւի տակ սկսում է գեղգեղալ՝ ասես սաղմոս երգել, մարդու հոգին վերջնականապէս ջերմանում է, ու իրեն դարդի ծովից ամբողջովին դուրս եկած է զգում, սկսում է սիրտը մաշող հոգսերին աւելի թեթեւ նայել եւ վայելել կեանքի այն գեղեցիկ պահը, որ պարգեւեցին մայր բնութիւնն ու նրա փոքրիկ մասնիկ այս կաքաւը։

Երգը ներկայացուած է Վարդուհի Երիցեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

02/08/2026, 07:10