Հայկական ժողովրդական երգեր. «Այ ֆորկայ» պարերգը
Այսօր ձեզ ենք ներկայացնում Վանայ հարսանեկան զուարթ պարերգերից մէկը՝ «Այ ֆորկայ»։ Նրանում, հաւանաբար նորահարսի մայրը, ասում է, որ տանը հարսանիք են անում, բայց այնքան շատ մարդ է եկել, կամ տունն է այնքան փոքր, որ կոլոտ (կարճահասակ) փեսային նստելու տեղ չկայ: Ծիծաղելի իրավիճակ է, չէ՞, ստացուել, ինչպէ՞ս կարող է հարսանեկան արարողութեան երկու գլխաւոր հերոսներից մէկին տեղ չլինել: Յետոյ երգողը, լինի հարսի մայրը կամ նրանց ազգականներից մէկը, ասում է, որ թէեւ հարսանիքի պատրաստութիւն են տեսել, սակայն ծակ թաւայի մէջ իւղ չի մնացել: Եւ այս անգամ եւս շեշտւում է, որ կարճահասակ փեսային տեղ չկայ նստելու: Սա, կարծես, նշանակում է, որ աւելի հարմար կլինէր՝ հարսանիքը հետաձգել, այժմ չանել:
Նման կատակ յաճախ են մարդիկ միմեանց հետ անում, մանաւանդ ա՛յն դէպքերում, երբ վստահ են, որ ամէն ինչ տեղը տեղին արուած է, կազմ ու պատրաստ է, եւ անհոգութեամբ կարող են դիմացինին մի պահ խաբել եւ ծիծաղել նրա այլայլուելու վրայ՝ վատ լուրն առնելիս: Այսինքն հարսի հարազատները թէեւ փեսային ասում են, թէ իրեն տեղ չկայ եւ իրենք ոչ էլ կարգին պատրաստութիւն են տեսել հարսանիքի համար, տղան կարող է վստահ լինել, որ ամէն ինչ արուած է պատշաճ կերպով:
Պարերգի յաջորդ հատուածում, կարծես, հանդէս են գալիս տղայի ազգականները: Նրանք երգով դիմում են ոսկէ ականջօղերով մի աղջկայ, որ կանգնած է կամրջին, եւ խնդրում գնալ զոքանչի՝ նորահարսի մօր մօտ եւ ասել, որ շատ չերկարացնեն, այլ իրենց աղջկան կնութեան տան իրենց տղային: Այնուհետեւ, կարծես, սկսում են ամէնքը խորհուրդ տալ կամ կարծիք յայտնել. մէկն ասում է, թէ փեսային պէտք չէ երես տալ, իսկ միւսն էլ, թէ՝ փեսային գին չկայ:
Վերջում բոլորն աւարտում են այս կատակները, բայց պահպանելով զուարթ տրամադրութիւնը, երգում են, որ այսօր իրենց տանը հարսանիք է:
Ինչպէս մեզ պատմեցին աւագ սերնդի գիւմրեցիներից, 20-րդ դարի 60-ական թուականներին Գիւմրիում տեղի ունեցած հարսանիքների ժամանակ Վանից գաղթած հայութիւնը դեռ յիշում էր այս երգը եւ կատարում հարսանիքներում:
Երգը ներկայացուած է «Սաղմոս» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Լիլիթ Դանիէլեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.