2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Եար ջան ու մարջան» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (148)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ձեզ ներկայացնում ենք հայ ժողովրդական «Եար ջան ու մարջան» երգը, որի մասին տեղեկութիւններ կան Ռոբերտ Աթայեանի «Կոմիտաս․Երկերի ժողովածու» գրքի հինգերորդ հատորում. «Կոմիտասի հնագոյն տետրակում համեմատաբար ուշ ժամանակի ուրուագիր է, խօսքերից կայ միայն վերնագիրը: Միաձայն երգը կայ մի ուրիշ բնագրում, 1904 թուականի, որտեղ կրկներգից բացի կայ նաեւ խօսքերի առաջին տողը: Դրա հիման վրայ, նկատի առնելով երգի փոքր-ինչ կատակային բնոյթը, խօսքերը լրացրինք»:

Երգի հերոսը դիմում է իր սիրելիին՝ եարին, նրան մեղադրելով անտարբերութեան, սառն վերաբերմունքի մէջ: Առաջին քառատողում տղան երգում է, որ որոշել է գնալ իր եարի տան մօտ, բարձրանալ, կանգնել տանիքին ու երդիկից նայել իր քնած եարին, ապա, երեւի մի քիչ զմայլուելով աղջկայ տեսքով, ձէն տալ, արթնացնել նրան: Երկրորդ քառատողում տղան նկարագրում է իր սիրած աղջկան, որի տեսքից թէեւ, ասես, ջերմանում է իր սիրտը, բայց տանջւում է նրա սառը վերաբերմունքի պատճառով: Ասում է, որ նրա քալուածքը նման է կաքաւի քալուածքին: Ապա ասում է, որ աղջկայ անուշիկ ձայնն ասես կռունկի լինի: Բայց իր աչքերը կարօտ են նրա տեսքին ու ականջները՝ այդ անուշիկ ձայնին, որովհետեւ աղջիկն իր ներկայութեամբ, ասում է, չի երգում: Հաւանաբար նկատի ունի՝ չի խօսում, որն իր համար նման է երգի: Ապա ասում է՝ արեւ է, բայց լոյս չի տալիս, ասես ամպի հետեւում է թաքնուել: Փոխաբերաբար երեւի նկատի ունի՝ տնից դուրս չի գալիս, իրեն տեսութեան չի արժանացնում: Վերջում անպատասխան սիրուց (կամ, գուցէ աղջիկն էլ անտարբեր չէ տղայի հանդէպ, բայց թաքցնում է իր զգացմունքները), տղան տանջուելով դիմում է աղջկան, թէ՝ այ անիրաւ, անսիրտ եար, մի մտիկ տուր իմ խեղճ հալիս: Հաւանաբար տղան յոյս ունի, որ եթէ մի պահ աղջիկն իրեն նայէր, կը տեսնէր իր սրտի խղճալի տառապանքը, իսկ եթէ մի թեթեւ էլ ժպտար, ինքը մի քիչ գոնէ կ’ամոքուէր:

Ամէն քառատողից յետոյ, կրկներգում ասւում է՝ «եար ջան ու մարջան»: Մարջանը ծովում ապրող կենդանի օրկանիզմ է, ունի կարմիր գոյն եւ մահանալուց յետոյ քարանում է: Այն օգտագործում են զարդեղէնի մէջ: Օտարները մարջանն անուանում են կորալ: Եւ ահա, տղան իր սիրած աղջկան համեմատում է այս գեղեցիկ զարդաքարի հետ:

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

19/07/2026, 07:07