2026.06.12 Il Maestro Robert Mlkeian

Ճակատագրով «մաեսթրոն»` Ռոբերտ Մլքէյան:

Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան ընդհանուր մեծաւորուհի, յայտնի բարեգործ Քոյր Արուսեակի խնդրանքով ու հոգածութեամբ Ռոբերտ Մլքէյան վերաստեղծում է «Տիրամայր Հայաստան» երգչախումբը: Մաեսթրոն սրտի յուզմունքով է խօսում ու պատմում այս երգչախմբի մասին: Նա իր երեխաներն է համարում երգչախմբի աղջիկներին: Ամենամեծ յաջողութիւնը 2015 թուականին Հռոմում կայացած ելոյթն էր պատարագի ընթացքում, որտեղ պատարագիչն էր Հռոմի Քահանայապետը

 

Հ.Հ. ժողովրդական արտիստ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր եւ գեղարուեստական ղեկավար Ռոբերտ Մլքէյան:

«Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ ունակութիւն է տուել երաժիշտ լինելու ու շփուելու հոգեւորի հետ», Ռոբերտ Մլքէյան:

Հայաստանի սրտում` մայրաքաղաք Երեւանում է ծնուել մաեսթրոն, ում 65-ամեակն է ահա: Ծնողների բարեկիրթ դաստիարակութեան արդիւնքում նա ընդունւում է երաժշտական դպրոց եւ սովորում ջութակ նուագել: Սակայն հօր բաղձալի ցանկութիւնն էր որդուն տեսնել սիմֆոնիկ նուագախմբի դիրիժորական վահանակի մօտ:

Մաեսթրոն վստահ է, որ իր կեանքում ամէն բան ի վերուստ է որոշուել: Նախախնամութիւն: Ճակատագիր: Հայրն այլեւս հովանաւորն էր երկնքից: Ռոբերտ Մլքէյանն ընդունւում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա, ուսանում օպերային, սիմֆոնիկ դիրիժորութիւն ու երգչախմբային դիրիժորութիւն: Բարեբախտութիւն է… Ակադեմիական փայլուն կրթութիւն ստանալուց յետոյ նա վերադառնում է հայրենիք եւ ուսումը շարունակում Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրայում ` Էմին Խաչատրեանի մօտ: Մլքէյանն իրեն յատուկ բարի ու մեղմ ժպիտով է յիշում դասախօսին ու այդ երանելի տարիները, Էմին Խաչատրեանի ներկայութիւնն իր կեանքում համարելով նուէր Բարձրեալից:

Տաղանդաշատ մաեսթրոն 1992 թուականին հրաւիրւում է Գիւմրի` ղեկավարելու տեղի սիմֆոնիկ նուագախումբն ու կամերային երգչախումբը: Հայրաքաղաքը գրկաբաց ընդունեց Ռոբերտ Մլքէյանին, ով իր հերթին ներդրեց ողջ ներուժը: Նուիրուեց: Պետերբուրգեան ակադեմիական կրթութեան դասականի ու հոգեւորի, բարձր արժանիքների ուղենիշով, իր բարոյական կերպարով նա ստեղծեց նոր որակ եւ նորովի զարկ տուեց Գիւմրու երաժշտական մշակութային կեանքին: Իրեն յատուկ մեծ պատասխանատուութեան, ուժեղ կամքի, անմնացորդ աշխատասիրութեան շնորհիւ Գիւմրու սիմֆոնիկ նուագախումբը 1993 թուականին ստացաւ պետական կարգավիճակ, որը գործում է առ այսօր: Մաեսթրոն այն ղեկավարել է մինչեւ 2000 թուականը: Այժմ վսեմութեամբ ու աղօթքներով` Երեւանից հետեւում, աջակցում, ուրախանում է նուագախմբի իւրաքանչիւր յաջողութեամբ: Այդ տարիներին, իսկ աւելի ճշգրիտ` 1995 թուականին, Ռոբերտ Մլքէյան հիմնել է «Հայ Ֆոլկ» վոկալ անսամբլը, որն առանձնակի յաջողութիւն է գրանցել: Հիւրախաղերով ու համերգային գործունէութեամբ հիացրել է թէ Հայաստանի եւ թէ արտերկրի հանդիսատեսին:

Մաեսթրօ Մլքէյանի ստեղծագործական կեանքի կարեւոր բարձրակէտերից է 2000 թուականին Հայաստանի կամերային երգչախմբի ստեղծումն ու հիմնումը: Սա ոչ միայն իր, այլ նաեւ հայ ազգի ձեռքբերումն է: Ներկայանալի, մեծարժէք մշակութային գործող օրգանիզմ է` իր ողջ հմայքով ու գեղագիտական բարձրաճաշակ արուեստով: 2008 թուականին Հայաստանի կամերային երգչախումբը ստանում է պետական կարգավիճակ:

Անարատ Յղութեան հայ քոյրերի միաբանութեան ընդհանուր մեծաւորուհի, յայտնի բարեգործ Քոյր Արուսեակի խնդրանքով ու հոգածութեամբ Ռոբերտ Մլքէյան վերաստեղծում է «Տիրամայր Հայաստան» երգչախումբը: Մաեսթրոն սրտի յուզմունքով է խօսում ու պատմում այս երգչախմբի մասին: Նա իր երեխաներն է համարում երգչախմբի աղջիկներին: Ամենամեծ յաջողութիւնը 2015 թուականին Հռոմում կայացած ելոյթն էր պատարագի ընթացքում, որտեղ պատարագիչն էր Հռոմի պապը: 2016 թուականին, երբ Հռոմի պապը եկել էր Գիւմրի, պատարագ մատուցելիս խնդրել էր, որ ինչպէս Հռոմում` Գիւմրիում եւս «Տիրամայր Հայաստան» երգչախումբը երգի պատարագը: Անմոռանալի ու հրաշալի են անցել այս խմբի հիւրախաղերը եւրոպական երկրներում:

Ռոբերտ Մլքէյանն իր արուեստում վառ ու տարբերուող անհատականութիւն է` օժտուած մարդկային ազնուագոյն յատկանիշներով: Նրա հոգու ջերմութիւնն ու սրտի բարութիւնն ակնյայտ դրոշմուած են իր իսկ գործերում: Եւ որտեղ յայտնւում է բարձր մտաւորականը, այնտեղ ծաղկում է, արթնանում երաժշտութեան կախարդանքը: Մեծ վարպետութեամբ, բարձրագոյն չափանիշով ու կատարեալի սահմաններում է արարում մաեսթրոն: Ունենալով հոգու առատաբեր հարստութիւն, երաժշտա-խոհափիլիսոփայական իւրայատուկ մտածողութիւն, նա ֆանտաստիկ կերպով ներկայացնում ու իւրաքանչիւրի սրտին հասանելի է դարձնում երաժշտութեան բարձրարուեստ նմուշները, բացայայտելով` անբացատրելի լաբիրինթը:

Ռ. Մլքէյանի կատարողական արուեստի բարձրագոյն ցենզի մեկնաբանութեամբ, իմաստուն ղեկավարի աստուածատուր ձիրքի շնորհիւ` երաժշտութիւնը հնչում է իբրեւ աղօթք` հասնելով ու անցնելով վերերկրայինը: Որտեղ ակամայից թէ հայ եւ թէ օտար հանդիսականը, մեր օրերից տեղափոխւում է մինչեւ նախաքրիստոնէական դարաշրջան: Շրջագայելով ու ծանօթանալով հոգեւոր ու աշխարհիկ իրադարձութիւններին, հատւում անցեալի ու ներկայի վերացական խաչմերուկում: Եւ աշխարհն է սկզբնաղբիւրը հոգեւորի: Մենք ունենք հսկայական մշակութային ժառանգութիւն` սաղմոսներ, շարականներ, տաղեր, գանձեր: Ունենք Մեսրոպ Մաշտոց, Ներսէս Շնորհալի, Նարեկացի, ունենք Կոմիտաս Վարդապետ:

Մաեսթրոն ոչ միայն փայլուն մասնագէտ ու ստեղծագործող է, այլեւ հայրենիքի համար մտածող մտաւորական, մշակութային ժառանգութեան պահպանող, տարածող ու փոխանցող, հրաշալիի ջատագով, բարձրարժէք հայ։ Նա հմուտ վարպետութեամբ, կատարեալ ողջամտութեամբ իր կերտած արուեստը հասցնում է համամարդկային հնչեղութեան: Անուրանալի է նրա նուիրումն ու ներդրումը երաժշտական մշակութային կեանքում:

Ռոբերտ Մլքէյանը Հանովերում կայացած EXPO 2000 համաշխարհային ցուցահանդէսի հայաստանեան օրերի երաժշտական մասի գեղարուեստական ղեկավարն է եղել: Յատկանշական է Հայաստանի պետական կամերային երգչախմբի բուռն գործունէութիւնը` իր երեսուն մշակութային զինուորներով, մասնաւորապէս մասնաճիւղի տնօրէն, Հ.Հ. արուեստի վաստակաւոր գործիչ Արմէն Արաբեանի անձնուրաց, նուիրական յաղթարշաւով երթն արդէն իսկ դուրս է եկել միջազգային ասպարէզ: Երգչախմբի առաքելութիւնն է նոր շունչ հաղորդելով` հանրահռչակել խմբերգային արուեստի բարձրագոյն նմուշները որպէս ազգային ինքնութիւն ու համամարդկային արժէք` կապելով մշակութային կամուրջ դէպի աշխարհ:

Համերգներով հանդէս են եկել աշխարհի տարբեր երկրներում, հեղինակաւոր դահլիճներում` Բերգամոյի Դոնիցետիի օպերային թատրոնում, Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում», Ստրասբուրգի Եւրախորհրդի համերգային դահլիճում, նաեւ պատմական նշանակութեան տաճարներում: Աշխարհահռչակ ECM records ձայնագրման ստուդիայի կողմից Հ.Պ.Կ.Ե.-ը ձայնագրել է Տիգրան Մանսուրեանի «Ars Poetica» երգչախմային կոնցերտը, որը թողարկուել է իբրեւ ձայներիզ եւ արժանացել համաշխարհային երաժշտական հանրութեան բարձր գնահատանքին` ստանալով հինգ աստղ: Ընդգրկուել է նաեւ THE GRAMAPHONE հեղինակաւոր անգլիական կատալոգում: Կոմիտասի խմբերգերի հոգեւոր ու աշխարհիկ ստուար ընտրանին` նուիրուած Վարդապետի ծննդեան 140-ամեակին, ձայնագրուած Սաղմոսավանքում` ճանաչուել է լաւագոյնը: Այս ամէնը կրել է ոչ միայն գեղարուեստական, այլեւ բարձրարժէքային նշանակութեան միտում. ուրոյն տեղ ամրագրելով հայկական երաժշտամշակոյթին համաշխարհային մշակութային տիրոյթում:

Արուեստագէտի ճշգրիտ ստեղծագործական գործունէութեան շնորհիւ այսօր ունենք երաժշտական մտածողութեամբ ու կիրթ հանդիսատես:

Նա ԱՐՏԻՍՏ է ի վերուստ: Խարիզմատիկ մաեսթրոն անէրկբայօրէն վայելում է ժողովրդի սէրն ու համակրանքը: Դա է վկայում իւրաքանչիւր համերգի ընթացքում եւ աւարտին չդադարող ծափերը, մարդկանց ջերմագին ընդունելութիւնը, պրաւոները եւ հադիսատեսի հոսքը դէպի ետնաբեմ` մէկ լուսանկարի, ողջագուրման, շնորհակալութեան համար:

«Խնդրում եմ Արարչին, որ երբեւէ խոչընդոտներ չստեղծուեն մարդկանց համար, որովհետեւ մարդկութիւնը առանց այդ էլ տանջուած է:

... Երեւի մի օր էլ մենք որպէս ազգ կը վերականգնուենք»:

Մարիաննա Գէորգեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

12/06/2026, 08:48