Մանկան պաշտպանութեան օրը․ Երեխաների առողջութիւնը՝ մեր ամենամեծ պատասխանատուութիւնը
Ամէն տարի, Յունիսի 1ին աշխարհը նշում է Մանկան պաշտպանութեան միջազգային օրը։ Այս օրը պարզապէս տօն չէ. այն յիշեցում է, որ իւրաքանչիւր երեխայ ունի առողջ, անվտանգ եւ երջանիկ մանկութիւն ունենալու իրաւունք։ Երեխաների առողջութեան պաշտպանութիւնը սկսւում է ծնուելու պահից եւ շարունակւում է նրանց աճի ու զարգացման ամբողջ ընթացքում։
Առողջութիւնը միայն հիւանդութիւնների բացակայութիւնը չէ։ Երեխան պէտք է կարողանայ լիարժէք աճել, սովորել, խաղալ, շփուել հասակակիցների հետ եւ զարգացնել իր ունակութիւնները։ Հէնց մանկութեան շրջանում են ձեւաւորւում սննդային սովորոյթները, ֆիզիկական աշխուժութեան մակարդակը եւ առողջ ապրելակերպի սկզբունքները, որոնք ուղեկցում են մարդուն ողջ կեանքի ընթացքում։
Ժամանակակից բժշկութեան ամենամեծ ձեռքբերումներից մէկը պատուաստումներն են։ Դրանք կանխում են այնպիսի հիւանդութիւններ, որոնք նախկինում հազարաւոր երեխաների կեանք էին խլում կամ ծանր բարդութիւններ առաջացնում։ Ծնողները յաճախ անհանգստանում են պատուաստանիւթերի անվտանգութեան համար, սակայն գիտական բազմաթիւ ուսումնասիրութիւններ ապացուցել են, որ պատուաստումների օգուտը անհամեմատ մեծ է հնարաւոր վատ հետեւանքներից։
ՃԻՇԴ ՍՆՈՒՑՈՒՄ՝ ԱՃԻ ԵՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՐԱՒԱԿԱՆ
Երեխայի օրգանիզմն անընդհատ աճում է եւ պահանջում է բաւարար քանակի սննդանիւթեր։ Վերջին տարիներին մանկական ճարպակալումը լուրջ խնդիր է, ինչը կապուած է քաղցրաւենիքի, գազաւորուած ըմպելիքների եւ սննդի չարաշահման հետ։ Մանկական ճարպակալումը կարող է յանգեցնել շաքարախտի, սրտանօթային հիւանդութիւնների եւ այլ առողջական խնդիրների արդէն երիտասարդ տարիքում։
ՇԱՐԺՈՒՄԸ՝ ԱՌՈՂՋ ՄԱՆԿՈՒԹԵԱՆ ԱՆԲԱԺԱՆ ՄԱՍԸ
Շարժումը նպաստում է ոսկրերի ամրացմանը, մկանների զարգացմանը, ճիշտ կեցուածքի ձեւաւորմանը, աւելորդ քաշի կանխարգելմանը, հոգեկան առողջութեան բարելաւմանը։ Բացօթեայ խաղերը յաճախ աւելի օգտակար են, քան համակարգչի կամ հեռախօսի առջեւ անցկացրած ժամերը։
ՊԱՍՏԱՌԱՅԻՆ ԿԱԽՈՒԱԾՈՒԹԻՒՆ․ ՆՈՐ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ՄԱՐՏԱՀՐԱՒԷՐԸ
Ժամանակակից երեխաները վաղ տարիքից շրջապատուած են «սմարթֆոն»ներով, «պլանշետ»ներով եւ համակարգիչներով։ Մասնագէտները խորհուրդ են տալիս սահմանափակել պաստառային ժամանակը եւ խրախուսել կենդանի շփումն ու ստեղծագործ խաղերը։
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹԻՒՆԸ ՆՈՅՆՔԱՆ ԿԱՐԵՒՈՐ Է
Երեխայի հոգեկան առողջութիւնը յաճախ մնում է ուշադրութիւնից դուրս, մինչդեռ այն մեծ ազդեցութիւն ունի կեանքի որակի վրայ։ Ծնողները պէտք է ուշադրութիւն դարձնեն, եթէ երեխան դարձել է չափազանց տխուր կամ անհանգիստ, խուսափում է շփումներից, կորցրել է հետաքրքրութիւնը սիրելի զբաղմունքների նկատմամբ, ունի քնի կամ ախորժակի փոփոխութիւններ։ Սիրող եւ աջակցող միջավայրը երեխայի հոգեկան առողջութեան լաւագոյն պաշտպաններից է։
ՎՆԱՍՈՒԱԾՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ
Աշխարհում երեխաների շրջանում մահուան եւ հաշմանդամութեան հիմնական պատճառներից մէկը վնասուածքներն են։ Շատ դժբախտ պատահարներ հնարաւոր է կանխել ընդամէնը մի քանի պարզ անվտանգութեան միջոցառումների շնորհիւ։
Ծնողներն ու ընտանիքի միւս անդամները երեխայի առաջին ուսուցիչներն են։ Երեխան սովորում է ոչ միայն լսելով, այլեւ ընդօրինակելով։
Աղբիւրը՝ Ասպարէզ
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.