2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Իմ չինարի յարը»։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (144)
Ունկնդրէ հաղորդաշարը

Սիրելիներ, այսօր ներկայացնում ենք Կոմիտասի գրառած գեղեցիկ եւ զուարթ պարերգերից մէկը՝ «Իմ չինարի յարը»։

Երգի տրամադրութիւնը եւ այն արտայայտող մեղեդին զուարթ են, թէեւ առաջին հատուածից իմանում ենք, որ նրա հերոսուհին բաւականին դժուարութիւնների միջով է անցել: Աղջիկը մեզ պատմում է, որ իր եարի հետ բանը կռւով էր աւարտուել: Ընդհանուր երգի բովանդակութիւնից կարելի է ենթադրել, որ աղջկայ ծնողները դէմ են եղել նրանց մտերմութեանը, ինչի պատճառը չար մէկի խօսքն է եղել:

Բայց այս ամէնն աղջիկը մեզ այնքան հրճուալից է պատմում, որ մենք ոչ թէ անհանգստանում ենք ջահել սիրահարների ճակատագրով, այլ զգում ենք, որ ամէն ինչ բարեյաջող է աւարտուել եւ միայն ուզում ենք իմանալ, թէ ինչպէս:

Սակայն աղջիկը դեռ շարունակում է պատմել իր ու տղայի դէմ ծառացած արգելքների մասին: Պարզւում է՝ վատ մարդու չարախօսութիւններին տեղի տալով, նախ հայրն է արգելել դստերը՝ մտերմութիւն անել այդ տղայի հետ: Իսկ աղջիկը ոչ թէ հօր բռնի կամքին է հնազանդուել, այլ իր սիրոյ զգացմունքին, եւ վիճել է հօր հետ: Կարծես, հօր հետ համամիտ են եղել նաեւ մայրն ու եղբայրը: Իսկ աղջիկը, տան մէջ այլեւս ապաւէն չգտնելով, թողել է նրանց և բոլորի կամքին հակառակ պսակուել իր եարի հետ: Տղային նա մե՛րթ անուանում է գովական, մե՛րթ էլ՝ դարդիման: Դարդիման, որովհետեւ նրա պատճառով այնքան դարդեր անցան իր գլխով, բայց գովական, որովհետեւ նա գովքի արժանի այնքան լավ կողմեր ունէր, որ աղջիկն առանց տատանուելու հեռացաւ իր հարազատներից ու ամուսնացաւ տղայի հետ:

Այս ամէնը պատմելու զուարթ տօնից մենք հասկանում ենք, որ աղջիկը հոգեկան խռովքի մէջ չէ՝ իր ծնողներին ու եղբօրն ընդդիմանալու, նրանց նեղացնելու գնով իր երջանկութիւնը կառուցելու համար: Հակառակը, նա վստահ է, որ կ’անցնի մի կարճ ժամանակ, նրանք կը տեսնեն ու կը համոզուեն, թէ ինքը որքան ճիշտ ընտրութիւն է կատարել՝ պայքարելով իր սիրոյ համար եւ շուտով կը մոռանան այս անախորժութիւնն ու կը հաշտուեն:

Երգի վերջում տեսնում ենք տղային, որը, քարափի ծայրին կանգնած, սիրով ու խանդաղատանքով իր նորահարս կնոջն է կանչում, եւ մեր հերոսուհին ներքուստ հրճւում է, որ այն չարակամ մարդը հիմա իրենց այսպէս սիրով ու հաշտ տեսնելով պիտի ամաչի իր արածի համար: Եւ կարծես՝ նրա այդ ամօթը է՛լ աւելի խորացնելու համար նա ուրախ կանչում է «արեւիդ մեռնեմ, եար ջան», ու շտապով վազում է դէպի նա:

Երգը ներկայացուած է Գիւմրիի «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Ռոբերտ Մլքեյեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

31/05/2026, 07:08