2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Բարեխօսութեամբ Մօր Քո եւ Կուսի» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (140)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ձեզ ներկայացնում ենք «Բարեխօսութեամբ Մօր Քո եւ Կուսի» շարականը, որ երգւում է Պատարագի սկզբում։

Այս շարականը Կոմիտասի գրառումներում կայ մի քանի տեղ: Դրանցից մէկում այն կիսատ է, որ նախնական մշակումներից է եւ վերջնականի համեմատ ունի որոշ տարբերութիւններ: Մեղեդին խմբերգ դարձնելիս Կոմիտասն անհրաժեշտութիւն է զգացել այն դուրս բերելու ռիթմային միապաղաղութիւնից, ինչը տեսնում ենք նրա ձեռքով մաքուր արտագրուած վերջին օրինակում: Երգւում է Սուրբ Պատարագի սկզբներին՝ «ԱՇԽԱՐՀ ԳԱԼՈՑ» կոչուող հատուածում: Շարականի երգուելու ընթացքում պատարագիչ քահանան թափորով իջնում է խորանից, խնկարկում եկեղեցին, օրհնում ներկայ հաւատացեալներին եւ նորից բարձրանում խորան: Սա խորհրդանշում է Փրկչի աշխարհ գալը, շրջելը մարդկանց մէջ եւ երկինք համբարձուելը:

Շարականով հրաւիրելով Աստուածամօրը բարեխօսելու, Քրիստոսին խնդրւում է ընդունել Պատարագը մատուցող եկեղեցական պաշտօնեաների աղաչանքը, քանի որ Յիսուս իր արեամբ աւելի պայծառացրեց եկեղեցին, քան երկինքը: «Եկեղեցի» ասելով չհասկանանք շէնքը, այլ ամբողջ քրիստոնեայ մարդկութիւնը:

Յաջորդ հատուածում ասւում է, որ հաւաքուել են քահանաները, սարկաւագները, դպիրներն ու կղերականները՝ Տիրոջ առջեւ խունկ մատուցելու, ինչպէս հնում օրինակ էր տուել Զաքարիան:

Ղուկասի աւետարանի առաջին գլխում կարդում ենք, որ Հերովդէս թագաւորի օրօք Զաքարիա անունով մի քահանայ կար, որի կինը Եղիսաբեթն էր: Չնայած արդէն մեծ տարիքին, որդի չունէին, քանի որ Եղիսաբեթն ամուլ էր:

Մի օր Զաքարիան տաճարում խնկարկութեամբ քահանայական պաշտօն էր կատարում, երբ երեւաց Տիրոջ հրեշտակը՝ ասելով, որ նրա աղօթքները լսելի են եղել, եւ շուտով Եղիսաբեթը որդի կը ծնի, որը դեռ մօր որովայնից Սուրբ Հոգիով կը լցուի եւ նրա անունը պիտի Յովհաննէս դնեն:

Ահա, այժմ էլ ակնկալւում է, որ ինչպէս Տէրը Զաքարիայի այդ օրուայ քահանայական պաշտօնից եւ խնկարկութիւնից յետոյ կատարեց նրա երկարամեայ աղօթքների խնդրանքը, այդպէս էլ կատարի Սուրբ Պատարագը մատուցող եկեղեցականների աղաչանքը:

Այնուհետեւ նրանք խնդրում են Տիրոջը՝ ընդունել իրենց մաղթանքը, ինչպէս Աբելի, Նոյի եւ Աբրահամի ընծաները: Առաջինները Տիրոջը նուիրաբերելու համար ընտրել էին իրենց ունեցածի մէջ լաւագոյնները, իսկ Աբրահամը պատրաստ էր զոհաբերել անգամ որդուն՝ Իսահակին՝ յանուն Աստուծոյ սիրոյ:

Շարականի վերջին հատուածում խնդրում ենք՝ Երկնային զօրքի բարեխօսութեամբ անսասան պահել Հայկազեան աթոռը: Այն ներկայացուած է «Հովեր» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Սոնա Յովհաննիսեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/05/2026, 07:30