Սահմաններից այն կողմ - Աննա Տէր-Վարդանեան – ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագոյն գլխաւոր աւագ
Աննա Տէր-Վարդանեանը ամերիկահայ նշանաւոր զինծառայող էր, ով պատմութեան մէջ մտաւ որպէս ԱՄՆ ռազմածովային ուժերի առաջին կին գերագոյն գլխաւոր աւագը (Master Chief Petty Officer)։ Նրա ծառայութիւնը դարձաւ կանանց համար նոր էջ զինուած ուժերում եւ վկայութիւն՝ նուիրումի, կարգապահութեան եւ առաջնորդութեան։
Աննա Տէր-Վարդանեանը ծնուել է 1920 թուականին եւ մեծացել է ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում։ Իր կրթութիւնը ստացել է տեղի ուսումնական հաստատութիւններում․ 1936–1939 թուականներին սովորել է Հարաւարեւմտեան աւագ դպրոցում, ապա՝ 1941–1942 թուականներին՝ Դետրոյթի բիզնես համալսարանում։ Դեռ ուսանողական տարիներին նրա մէջ ձեւաւորուեց ծառայութեան եւ հայրենիքին նուիրուելու գաղափարը։
Նա իր զինուորական ուղին սկսեց՝ միանալով Կանանց օդային օժանդակ կորպուսին, սակայն 1943 թուականի օգոստոսի 31-ին դուրս եկաւ այդ կազմից եւ շարունակեց ծառայութիւնը՝ միանալով կանանց կամաւորական ծառայութեան։ Շուտով նա ընդգրկուեց ԱՄՆ ռազմածովային ուժերում՝ դառնալով այն կանանցից մէկը, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստանձնեցին կարեւոր դերեր զինուած ուժերում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Աննա Տէր-Վարդանեանի ընտանիքը ամբողջովին ներգրաւուած էր ռազմական ծառայութեան մէջ․ նրա քոյրը՝ Ջին Օլիվերը, ծառայում էր ԱՄՆ նավատորմում, եղբայրը՝ Էնդրյուն, գտնւում էր խաղաղովկիանոսեան ռազմաճակատում, իսկ մայրը, թէեւ չմիանալով բանակին, իր ներդրումն էր ունենում՝ աշխատելով Կարմիր խաչում։ Այս միջավայրը եւս աւելի ամրապնդեց Աննայի նուիրուածութիւնը ծառայութեանը։
Աննա Տէր-Վարդանեանի ծառայութիւնը նշանաւորուեց կարեւոր ձեռքբերումով․ 1959 թուականին Նյուփորթի ռազմածովային քոլեջում նա ստացաւ գերագոյն գլխաւոր աւագի կոչում՝ ծառայելով որպէս «Global Strategy Officer»-ի օգնական։ Այսպիսով նա դարձաւ ԱՄՆ զինուած ուժերում ծառայող առաջին կինը, որն արժանացաւ այդ բարձրագոյն ենթասպայական կոչմանը։
Նրա ծառայութիւնը շարունակուեց երկար տարիներ, որոնց ընթացքում նա ոչ միայն կատարեց իր պարտականութիւնները բարձր մակարդակով, այլեւ դարձաւ օրինակ եւ առաջնորդ նոր սերնդի զինծառայողների, յատկապէս կանանց համար։ Նրա ձեռքբերումները նպաստեցին կանանց դերակատարութեան ընդլայնմանը ԱՄՆ զինուած ուժերում։
Աննա Տէր-Վարդանեանը թոշակի անցաւ 1963 թուականի յուլիսի 16-ին՝ աւարտելով իր փայլուն զինուորական կարիերան։ Նա մահացաւ 2011 թուականի օգոստոսի 4-ին, 90 տարեկանում։ Թաղուած է ԱՄՆ Արլինգտոնի ազգային գերեզմանատանը, ուր հանգչում են երկրի ամենանշանաւոր զինծառայողները։
Աննա Տէր-Վարդանեանը դարձաւ այն կանանցից մէկը, ով կոտրեց սահմանները եւ բացեց նոր ուղիներ զինուած ուժերում կանանց համար։
Նրա կեանքը վկայում է, որ նուիրումը, խիզախութիւնը եւ հաստատակամութիւնը կարող են մարդուն հասցնել ամենաբարձր բարձունքների՝ անկախ ժամանակի սահմանափակումներից։
Նա մնաց պատմութեան մէջ որպէս հայուհի, ով իր ծառայութեամբ բարձրացրեց ոչ միայն իր անունը, այլեւ իր ժողովրդի պատիւը՝ դառնալով օրինակ ապագայ սերունդների համար։
Պատրաստեց` Ռուզաննա Պետրոսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ