Հայկական ժողովրդական երգեր. ԺԲ դարի հայոց կաթողիկոս Ներսէս Կլայեցի Շնորհալու «Ուրախացան ազգք մարդկան» շարականը
Այսօր ներկայացնում ենք ԺԲ դարի հայոց կաթողիկոս Ներսէս Կլայեցի Շնորհալու «Ուրախացան ազգք մարդկան» շարականը, որը, թէեւ վերաբերում է Յիսուս Քրիստոսի յարութեանը, սակայն կատարւում է տարբեր առիթներով՝ Ննջեցելոց, Մարտիրոսաց եւ այլ կարգերի ժամանակ:
Այստեղ երգւում է, որ այն ժամին, երբ աշխարհում հռչակուեց Յիսուսի յարութեան աւետիսը, ուրախացաւ մարդկային ցեղը: Եթէ յիշենք Աւետարանում նկարագրուող դէպքերը, Յիսուսի աշակերտները եւ ժողովրդից շատերը սրտի դողով սպասում էին, թէ արդեօք իսկապէս նա պէտք է յարութիւն առնէր մեռելներից, ինչպէս ասել էր մատնուելուց առաջ: Եւ ահա, այս աւետիսը ցնծութեամբ են ընդունել նրանք, եւ յետոյ, արդէն նաեւ յետագայ դարերում՝ բոլոր նրանք, ովքեր տարբեր առաքեալների ու քարոզիչների միջոցով առել են այս բարի լուրը: Չէ՞ որ այլեւս մահն անզօր է, եւ ինչպէս մարդացած Աստուած յարութիւն առաւ, այնպէս էլ Աստուծոյ պատկերով կերտուած մարդը, մօտենալով Աստծուն, նոյնպէս պէտք է յարութիւն առնի:
Եւ ահա, շարունակում է երգուել Շնորհալու այս շարականում, մարդիկ Միածնի յարութիւնը տօնելու համար զարդարւում են նորափետուրներով եւ Ողորմած Աստծուց խնդրում՝ ողորմել նաեւ մեր բոլոր ննջեցեալների հոգիներին ու նրանց էլ հասցնել Յիսուսի յարութեան աւետիսը:
Ինչպէս գիտենք, իւրաքանչիւր տաղաւար տօնին յաջորդող օրը մեռելոց է, որը հենց նրա համար է, որպէս զի տօնի խորհուրդը ողջերս հասցնենք մեր ննջեցեալների հոգիներին: Այդ օրերին, աւանդոյթի համաձայն, գնում են գերեզմաններ, խնկարկում եւ աղօթում առ Աստուած՝ ննջեցեալների համար:
Երկրորդ տան սկզբում նոյն ցնծութեամբ երգւում է, թէ ինչպէս երկնային զօրքը՝ հրեշտակները ուրախութեամբ իջան երկիր այն պահին, երբ Յիսուս յարութիւն առաւ մեռելներից: Եւ կրկին շարականագիր Շնորհալին խնդրում է Տիրոջից՝ իր այս աւետիսը հասցնել նաեւ ննջեցեալների հոգիներին:
«Ուրախացան ազգք մարդկան» շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Տաղարան» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Գրետա Անտոնեան։ Գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոեր՝ Երուանդ Երկանեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ