2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. հայ ժողովրդական «Եար ջան ու մարջան» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (139)
Ունկնդրէ լուրը

Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Եար ջան ու մարջան» պարերգը, որի մասին տեղեկութիւններ կան Ռոբերտ Աթայեանի «Երկերի ժողովածու: Մեներգեր եւ խմբերգեր. հատոր 5»-ում։

«Կոմիտասի հնագոյն տետրակում համեմատաբար ուշ ժամանակի ուրուագիր է, խօսքերից կայ միայն վերնագիրը, - գրում է Աթայեանը, - Միաձայն երգը կա մի ուրիշ բնագրում, 1904 թուականի, որտեղ կրկներգից բացի կա նաև խօսքերի առաջին տողը: Դրա հիման վրայ, նկատի առնելով երգի փոքր-ինչ կատակային բնոյթը, խօսքերը լրացրինք»:

Երգի հերոսը դիմում է իր սիրելիին՝ յարին, նրան մեղադրելով անտարբերութեան, սառն վերաբերմունքի մէջ: Առաջին քառատողում տղան երգում է, որ որոշել է գնալ իր յարի տան մօտ, բարձրանալ, կանգնել տանիքին ու երդիկից նայել իր քնած յարին, ապա, երևի թէ մի քիչ զմայլուելով աղջկայ տեսքով, ձեն տալ, արթնացնել նրան: Երկրորդ քառատողում տղան նկարագրում է իր սիրած աղջկան, որի տեսքից թէև, ասես, ջերմանում է իր սիրտը, բայց տանջւում է նրա սառը վերաբերմունքի պատճառով: Ասում է, որ նրա քալուածքը նման է կաքաւի քալուածքին: Հայերէնում այսպիսի բառ էլ ունենք, չէ՞, կաքաւել, որ նշանակում է նազանքով, սեթևեթանքով, ասես սահելով քայլել: Ապա ասում է, որ աղջկայ անուշիկ ձայնն ասես կռունկի լինի: Բայց իր աչքերը կարոտ են նրա տեսքին ու ականջները՝ այդ անուշիկ ձայնին, որովհետև աղջիկն իր ներկայութեամբ, ասում է, չի երգում: Հաւանաբար նկատի ունի՝ չի խօսում, որն իր համար նման է երգի: Ապա ասում է՝ արև է, բայց լույս չի տալիս, ասես ամպի հետևում է թաքնուել: Փոխաբերաբար երևի նկատի ունի՝ տանից դուրս չի գալիս, իրեն տեսութեան չի արժանացնում: Վերջում անպատասխան սիրուց (կամ գուցէ աղջիկն էլ անտարբեր չէ տղայի հանդէպ, բայց թաքցնում է իր զգացմունքները), տղան տանջուելով դիմում է աղջկան, թէ՝ այ անիրաւ, անսիրտ յար, մի մըտիկ տուր իմ խեղճ հալիս: Հաւանաբար տղան յոյս ունի, որ եթէ մի պահ աղջիկն իրեն նայեր, կտեսներ իր սրտի խղճալի տառապանքը, իսկ եթէ մի թեթև էլ ժպտար, ինքը մի քիչ գոնէ կամոքուեր:

Ամեն քառատողից յետոյ, կրկներգում ասւում է՝ յար ջան ու մարջան: Մարջանը ծովում ապրող կենդանի օրգանիզմ է, ունի կարմիր գոյն և մահանալուց յետոյ քարանում է: Այն օգտագործում են զարդեղէնի մէջ: Օտարները մարջանն անվանում են կորալ: Եւ ահա, տղան իր սիրած աղջկան համեմատում է այս գեղեցիկ զարդաքարի հետ:

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատարներ՝ Գրետա Անտոնեան, Էլեոնորա Մելքումեան։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

26/04/2026, 08:00