Աւագ շաբաթը Տիրոջ հետ. Մեծ Պահքի հոգեւոր առանձնակում Նիդերլանդների եւ Պելկիայի հայ երիտասարդների համար
Նիդերլանդներում՝ մարտի 6–9-ը, և Բելգիայում՝ մարտի 13–15-ը, տեղի ունեցաւ Հայ Առաքելական Եկեղեցու երիտասարդ հաւատաւորների եռօրեայ հոգևոր առանձնացում՝ «Աւագ շաբաթը Տիրոջ հետ» խորագրով։ Այն համախմբեց շուրջ 110 հայ երիտասարդների այդ երկրների տարբեր ծխերից՝ աղօթքի, խորհրդածութեան և եղբայրական հաղորդակցութեան պահերի համար՝ Սուրբ յարութեան տօնին ընդառաջ։
Այդ օրերին երիտասարդները աւելի գիտակցաբար ապրեցին իրենց հաւատքը, խորացան Մեծ Պահքի և յատկապէս Աւագ շաբաթուայ խորհրդի մէջ, ունկնդրեցին հոգևոր ուղերձներ և ակտիվորեն մասնակցեցին զրոյցների ու քննարկումների։
Հաւաքները նախագահեց Արևմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանը, որի հոգևոր առաջնորդութեամբ ծրագիրը ստացաւ աստուածաշնչական, եկեղեցաբանական և յատկապէս երիտասարդական կեանքին առնչուող ուղղութիւն։
Սրբազան Հայրն իր բացման խօսքում ընդգծեց Մեծ Պահքի՝ զղջման, ներման և հոգևոր վերածնութեան ուղին՝ երիտասարդներին խրախուսելով մնալ Հայ Եկեղեցու աղօթող և կենսատու զաւակներ՝ իրենց հաւատքը դրսևորելով ոչ միայն եկեղեցում, այլեւ առօրեայ կեանքում՝ ուսումնառութեան, աշխատանքի և ընտանեկան յարաբերութիւններու մէջ։
Հոգևոր ծրագիրը վարում էին՝ Նիու Եորքի Սուրբ Ներսէս հայկական ճեմարանի տեսուչ Տ. Մարտիրոս քահանայ Ջևյանի գլխաւորութեամբ՝ ճեմարանի ուսանողներ Արին սարկաւագ Պարսամյանը և Շահէ կիսասարկավագ Ճանյանը։ Նրանց առաջնորդութեամբ կազմակերպուեցին Սուրբ Գրքի ուսումնասիրութեան հանդիպումներ և թեմատիկ զրոյցներ՝ Մեծ Պահքի իմաստի, Աւագ շաբաթուայ իրադարձութիւնների, ինչպես նաև երիտասարդի ներաշխարհի, ինքնաճանաչողության և ժամանակակից մարտահրաւէրների մասին։ Հարց ու պատասխանների միջոցով մասնակիցները առաւել խորութեամբ ծանօթացան իրենց հաւատքի հիմքերին և Եկեղեցու աւանդութեանը։
Հաւաքներին ներկայ էին այդ երկրներում ծառայող հոգևորականներ՝ Նիդերլանդներում՝ Տ. Տարոն քահանայ Թադևոսեանը, Տ. Մաշտոց քահանայ Բաղդասարյանը և Տ. Սերովպե քահանայ Էյլենջյանը, իսկ Բելկիայում՝ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանը, Տ. Տիրայր վարդապետ Հակոբյանը և Տ. Մաղաքիա աբեղայ Պեսքիմիզյանը։ Նրանք իրենց հոգևոր խորհրդածութիւններով և խօսքերով երիտասարդներին ուղղորդեցին դէպի անձնական հոգևոր կեանքի խորացում և ճանաչում։
Առանձնացման օրակարգում ներառուած էին ինչպէս աղօթքի և լռութեան պահեր, այնպէս էլ համախմբող ծրագրեր՝ քննարկումներ, խմբային աշխատանքներ և ազատ շփում։ Դրանց միջոցով երիտասարդները ոչ միայն հոգևորապէս զօրացան, այլեւ ամրապնդեցին միմեանց հետ իրենց բարեկամական և համայնքային կապերը։
Երկու առանձնացումներն էլ աւարտուեցին կիրակնօրեայ Սուրբ Պատարագով՝ նախագահութեամբ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի։ Երիտասարդները մեծ երկիւղածութեամբ մասնակցեցին արարողութեանը, որը նրանցից շատերի համար դարձաւ վերանորոգուած հաւատքի և Հայ Եկեղեցուն պատկանելիութեան կենդանի վկայութիւն։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ