Հայկական ժողովրդական երգեր. «Շուշոն» և «Այ խորոտիկ» երգերը
Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Շուշոն» և «Այ խորոտիկ» երգերը, որոնք գրառել և մշակել է Կոմիտասի աշակերտ Բարսեղ Կանաչյանը։
Առաջին երգում տղան պատմում է, որ Շուշոն ելել, այգի է գնում, շնկշնկացնելով կօշիկների կրունկներին խփուած երկաթէ կտորները (նալջիները, կամ, ինչպէս Գիւմրիում են ասում, նալչաները` նալ (պայտ) բառից), և շրջում էր խաղողի որթերով ծածկպիած ճիւղերի տակ: Տղան թաքուն հետևում է աղջկան, որն այժմ էլ գնում է դաշտ` օղին (ուտելի բույս, շրեշ) հաւաքելու: Նա զմայլուած նայում է աղջկայ վզի բարակ ծալքին, որը տողի նման օղակում է նրա պարանոցը և արևի վառ լոյսի տակ առանձնակի գրաւչութիւն է հաղորդում Շուշոյի կերպարանքին, այնքան, որ «տեսնողի հոգին դուրս կգայ», - խոստովանում է տղան:
Յաջորդ տողերում տղան Շուշոյին համեմատում է խնձորի ու սարի եղնիկի` բուսական ու կենդանական աշխարհի այդ պարզ ու նուրբ ստեղծագործութիւնների հետ, որոնք որքան էլ կատարեալ ու գեղեցիկ տեսք ունենան, միևնոյնն է, խամրում են աղջկայ գեղեցկութեան դէմ:
Այդպէս, թաքուն հետևելով Շուշոյին, տղան զմայլանքով դիտում է նրա դէմքի շուրջը թել-թել փռուած մազերին ու հիանում նրա` եղնիկի նման նազուկ քալուածքով:
Յաջորդում է երկրորդ երգը` «Այ, խորոտիկ», որը տրամաբանօրէն լրացնում է նախորդին, և որտեղ արդեն հանդէս է գալիս աղջիկը: Նա, դիմելով տղային և նրան անուանելով խորոտիկ, ասում է, որ իրենց տներն իրար այնքան մօտ են, որ տնեցիները ոտաբոպիկ են միմեանց այցելում: Յետոյ աղջիկն ասում է, որ իրենց տները դէմ դիմաց են, և ինչքան էլ տղան աչքով նշան տա, թէ կարոտել է իրեն և ուզում է հանդիպել, չեն կարող, որովհետև տնեցիները կտեսնեն: Աւելի լաւ է, գիւղից հեռու, Սասնայ սարերում հանդիպեն, որոնք յաճախ մշուշոտ են լինում և աւելորդ աչքերից կթաքցնեն իրենց:
Երգերը ներկայացուած են Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Յարութիւն Թոփիկյան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ