Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Զարդար քուրուկ» հարսանեկան պարերգը։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (135)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Բալու-Բալահովիտի հայութիւնից աւանդուած «Զարդար քուրուկ» հարսանեկան պարերգը։

Բալուի այս և հարսանեկան այլ երգեր գրառել է Պէյրութում ծնուած, երկար տարիներ Բրյուսելում ապրած երաժշտագէտ, բանահաւաք Պետրոս Ալահայտոյանը: 2009 թուականին նա Պոսթոնում հրատարակել է «Բալուի երաժշտական-ազգագրական հաւաքածոյ» գիրքը, որտեղ ընդգրկուած են իր հաւաքած բոլոր երգերը` կից նկարագրութիւններով:

Հարսին հոր տնից դուրս բերելու պահն աչքի է ընկնում տխուր տրամադրութեամբ, քանի որ հարսը հրաժեշտ է տալիս իր հարազատներին, իսկ այդ ընթացքում հնչում են «Էկան, կը տանին», «Մի լար, Մայրամ» հարսի լալիքները:

Հարսանեկան արարողութեան այս տխուր հատուածից յետոյ փեսան ևս ձի է հեծնում, և ամբողջ թափորն արդեն ուրախ պարերով ու երգերով շարժւում է դէպի եկեղեցի: Առջևից ընթանում է հեծեալ փեսան, նրա հետևից հարսը: Հասնելով եկեղեցի, հարսանքաւորները հանդիսաւոր քայլով մտնում են ներս, որտեղ տեղի է ունենում կրօնական բաւականին երկար արարողութիւնը: Ինչպէս գրում է Յարութիւն քահանայ Սարգսյանը, Բալուի շատ գիւղերում հարսի ու փեսայի պատրաստութեան այս ամբողջ արարողակարգը տեղի է ունենում կիրակի երեկոյեան:

Բոլոր հարսանքաւորներն արթուն են մնում ամբողջ գիշերը՝ ժամանակն անցկացնելով կերուխումով, երգով ու պարով: Եւ այդ գիւղերում յաջորդ օրը արշալոյսին են մեծ թափոր կազմած գնում եկեղեցի:

Պսակադրութեան արարողութեանը յաջորդում է հարսանեկան խրախճանքը, որի ընթացքում ամենաշատը երգւում է «Զարդար քուրուկ» կամ «Զամբուր» պարերգը, որը մի տեսակ համարւում է Բալուի քայլերգը:

Զամպուրը, որ այլ կերպ կոչւում է կնյուն, բոշխազգիների ընտանիքին պատկանող բոյս է: Եւ ահա, երգում ասւում է. «Գետինն անցնի այս զամպուրը, որ ցամաք հացի հետ ուտելի, անուշ հոտով կանաչի է»: Առաջին պահին տարօրինակ է թւում, թէ ինչու է այդ անուշահոտ բոյսն այդ անէծքին արժանանում, բայց պատճառը յայտնի է դառնում երգի յաջորդ հատուածում. պարզւում է, Զարդար քուրուկը (զարդարուած քոյրիկը), որ հաւանաբար հարսն է, դաշտ էր գնացել զամպուր հաւաքելու և այնտեղ կորցրել է իր գոհար քարով զարդը:

Ապա, հաւանաբար փեսայի անունից, երգողը դիմում է հարսին, թէ մինչև երբ աչքով իմաց անի: Ապա երգում հանդէս է գալիս հարսը, որն ընկերուհուն ասում է, թէ փեսան եկել, գուլպա էր ուզում, գուլպան տուել է, հիմա էլ համբոյր է ուզել: Նա մէկ համբոյր տուել է, տղան երկրորդն է ուզել:

Ահա, այսպիսի զուարթ ութսուներկուերորդով ուրախ պարերգ է Զարդար քուրուկը, որը ներկայացուած է «Մարգարևիտներ» անսամբլի կատարմամբ։»

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/03/2026, 07:13