Հայկական ժողովրդական երգեր. «Ջուր կուգէր» զուարթ պարերգը
Այսօր ներկայացնում ենք «Ջուր կուգէր» զուարթ պարերգը։ Սա գեղեցիկ եւ աշխոյժ պարերգ է, որի հերոսը ջահել սիրահարն է, հաւանաբար աղջիկ։ Նա նկարագրում է հայրենի բնութիւնը. սարերի աղբիւրը վերից հոսելով, անոյշ կարկաչելով, մարմար քարի վրայից թափուելով, շարունակում է ճամփան դաշտ ու գիւղերով: Յանկարծ նկատում է իր եարին ու զուարթութեամբ բացականչում, որ նա դէպի իրեն է գալիս ուրախ թռվռալով, ինչպէս քչքչան առուակը: Քիչ անց սարի կատարին յայտնւում է մի ձիաւոր ու լանջն ի վար սլանում այնպէս, ասես լեռնային օդը ճեղքելով մի արծիւ սուրաց ներքեւ: Իսկ նրանից յետոյ երեւում է եւս մէկը՝ երեսն արեւի շողերով ողողուած. նրան երգողն անուանում է «Թուխ Ասմի»:
Թւում է, թէ գիւղի երիտասարդներից են վերադառնում ինչ-որ տեղից, որոնց մէջ է նաեւ երգողի սիրելին: Կարծես, նա գիտէ երիտասարդների վերադարձի ժամը եւ ճամփի մօտ կանգնած սպասում է ու իր զուարթ երգով դիմաւորում, հենց որ նրանք երեւում են սարի կատարին։
Հետաքրքիր է այս Թուխ Ասմիի կերպարը՝ արեւի շողը երեսին։ Պատմական գիտութիւնների դոկտոր Սարգիս Պետրոսեանը նշում է, որ բառը նախապէս եղել է «թուղխ», ինչպէս օրինակ, «բղխել»։ Սեպագիր արձանագրութիւններում յիշատակւում է Սեւանի աւազանում գտնուած Թուլիխու բնակավայրը։ Եթէ հաշուի առնենք, որ «լ» եւ «ղ» հնչիւնները յաճախ փոխարինում են իրար, կը ստացուի նոյն բառը։ Իսկ «թուղխ - թուխ»-ը ամենեւին էլ չի նշանակում մուգ գոյն։ Սրանից է ծագել «թուխպ» բառը։ Եւ այդ նոյն բառն է ընկած Թուխ Մանուկ անուան մէջ, որով հնում կոչում էին ջրային ոգիներին։ Սրանք հանդէս էին գալիս պատանու կերպարանքով։ Հետագայում, Քրիստոնէութեան ընդունումից յետոյ, Թուխ Մանուկների պաշտամունքը քրիստոնեականացուել է, եւ այդուհետ նրանց սկսել են համարել յանուն հաւատքի նահատակուած պատանիներ։ Այսօր Հայաստանի տարբեր վայրերում կան այդ անունը կրող բազմաթիւ սրբավայրեր:
«Ջուր կուգէր» երգը ներկայացուած է «Սաղմոս» երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ