Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Սալընջախ եմ ձգէր» օրօրոցային երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (134)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Բութանիայի հայութիւնից աւանդուած «Սալընջախ եմ ձգէր» օրօրոցային երգը, որը պարտիզակցի Մարիամ Մինասեանից գրառել է Կոմիտասի աշակերտ Միհրան Թումաճանը: Ընդգրկուած է նրա «Հայրենի երգ ու բան» գրքի առաջին հատորում:

Երգի բովանդակութեան մէջ տեսնում ենք երիտասարդ մօրը, որն օրօրում ու մեղմիկ երգում է իր մանկան համար՝ պատմելով, որ օրօրոցը կապել է սալորենուն, իսկ ինքը, ինչ-որ պատճառով, լալիս է ու անհանգիստ շուռումուռ գալիս տեղում: Նա, դիմելով մանկանը, հոգոց հանելով ասում է, թէ նրա օրօրոցը ոսկուց պէտք է լինէր, որի վրայի կամարը՝ արծաթից, իսկ օրոցկապերը, որոնցով կապել է օրորոցը, որպէս զի մանուկը, քնելուց յետոյ շուռումուռ գալով չընկնի, պիտի սուրմայով ներկուած լինէին: Կարծես, մայրն այստեղ բողոքում է սոցիալական ծանր կացութիւնից:

Շարունակելով օրօրել մանկանը, մայրը երգում է, որ օրօրոցի վրայ մետաղադրամներ են փակցուած, որոնք, օրօրելու ընթացքում, միալար ծնգծնգում են՝ նպաստելու համար մանկան քնին: Բայց իր զաւակին խաղաղ քուն պարգեւելով հանդերձ, ինքը տանջւում է սրտի վէրք ու խոցերից: Նա մաղթում է, որ մանուկը քնի վարդերի հօտին եւ արթնանայ սոխակների ծլվլոցից: Ջահել մայրը խնդրում է մեղմ զեփիւռին, որ նա եւս օրօրի իր մանկան օրօրոցը: Եւ երանի է տալիս այն ժամանակներին, երբ վերացած կը լինի այս օրօրոցը, ինչը կը նշանակի, որ իր զաւակն արդէն մեծացած կը լինի:

Երգը ներկայացուած է Իզաբել Բայրակդարեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/03/2026, 07:13