2026.02.16 I Fratelli Hughes registi di origine armene

Սահմաններից այն կողմ - Հյուզ եղբայրներ – Ռեժիսորներ, պրոդյուսերներ, սցենարիստներ

Ալեն եւ Ալբերտ Հյուզները այսօր համարվում են ամերիկեան ժամանակակից կինոյի ինքնատիպ ձայներից՝ ռեժիսորներ, որոնք համարձակուեցին պատմել այն պատմութիւնները, որոնք շատերը կը նախընտրէին չլսել։
Ունկնդրէ հաղորդաշարը

Հյուզ եղբայրները՝ Allen Hughes եւ Albert Hughes, ամերիկացի երկուորեակ ռեժիսորներ են, որոնց ստեղծագործական ուղին վաղ տարիքից նշանաւորուեց համարձակ թեմատիկայով եւ ուժեղ կինեմատոգրաֆիական լեզուով։

Ընդամէնը 21 տարեկանում նրանք նկարահանեցին իրենց առաջին լիամետրաժ ֆիլմը, որն անմիջապէս արժանացաւ լայն ճանաչման եւ քննադատական բարձր գնահատանքի։

Ալեն եւ Ալբերտ Հյուզները ծնուած են 1972 թուականին, Դեթրոյդ քաղաքում, Միչիգան նահանգում։

Նրանց մեծացրել է հայ մայրը՝ միայնակ, ինչն էական դեր է խաղացել եղբայրների աշխարհահայեացքի եւ ինքնութեան ձեւաւորման մէջ։ Հայկական արմատները եւ ընտանիքի պատմութիւնը մշտապէս մնացել են նրանց կենսագրութեան կարեւոր բաղադրիչներից։

Հյուզ եղբայրների ֆիլմերը կենտրոնացած են ամերիկեան սեւամորթների կեանքի փորձութիւնների, սոցիալական անհաւասարութեան, բռնութեան եւ բարոյական ընտրութեան թեմաների վրայ։ Նրանց կինոլեզուն անմիջական է, կտրուկ եւ երբեմն դաժան՝ սակայն միշտ անկեղծ։

Նրանց ամենանշանաւոր ֆիլմերից են՝

- Menace II Society («Սպառնալիք II. հասարակութիւն»),

- Dead Presidents («Մեռած նախագահները»),

- The Book of Eli («Եղիայի գիրքը»)՝ գլխավոր դերակատարութեամբ Denzel Washington-ի։

Առաջին ֆիլմը՝ «Menace II Society»-ն, դարձաւ 1990-ականների քաղաքային դրամատուրգիայի խորհրդանշական գործերից մէկը՝ իր անկեղծ ու չմեղմացուած ներկայացմամբ։

Ալեն Հյուզը կարծում է․

«Տեսահոլովակներ նկարահանողը երբեք չի սովորի ֆիլմ նկարել։ Նա ընդամէնը հմտութիւններ ձեռք կբերի եւ կսովորի կինոյի մի քանի հնարք գործածել»։

Ալբերտ Հյուզը իր հերթին խորհուրդ է տալիս․

«Ֆիլմ նկարելիս հետեւիր ներքին զգացողութեանդ»։

Այս մտքերը արտացոլում են նրանց ստեղծագործական փիլիսոփայութիւնը՝ տեխնիկական վարպետութիւնը ենթարկել ներքին ձայնին եւ պատմութեան ճշմարտութեանը։

Ամերիկացի կինոքննադատ Roger Ebert-ը նշել է․

«Հյուզ եղբայրներին հնարաւորութիւն տուր, եւ նրանք կը ցուցադրեն, որ բնատուր ռեժիսորներ են»։

Իսկ Entertainment Weekly պարբերականը գրել է․

«... Հյուզ եղբայրները մեծ ռեժիսորներ են. նրանց գործերը միաժամանակ եւ՛ շլացնում են, եւ՛ ծանր զգայական արձագանք առաջ բերում...»։

Հյուզ եղբայրները այն կինոգործիչներից են, որոնց ստեղծագործութիւնը միաժամանակ գեղագիտական է եւ սոցիալական։

Նրանք չեն խուսափում իրականութեան մութ կողմերից եւ իրենց ֆիլմերով ստիպում են դիտողին առերեսուել ճշմարտութեան հետ։

Ալեն եւ Ալբերտ Հյուզները այսօր համարվում են ամերիկեան ժամանակակից կինոյի ինքնատիպ ձայներից՝ ռեժիսորներ, որոնք համարձակուեցին պատմել այն պատմութիւնները, որոնք շատերը կը նախընտրէին չլսել։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/02/2026, 08:36