Հայկական ժողովրդական երգեր. Աշուղ Ջիւանու «Փախի՛ր, այծեամ» երգը
Այսօր ներկայացնում ենք աշուղ Ջիւանու «Փախի՛ր, այծեամ» երգը, որում Ջիւանին դիմում է այծեամին՝ ասելով, թէ նա անհոգ է ու չգիտէ, թէ ինչ վտանգ է սպասում իրեն, մինչդեռ որսկանը, գամփռներվ ու բարակներով, փնտրում է այծեամին, իսկ ձագուկները տխուր լալիս են, լալիս: Ապա ասւում է, որ որսկանը ճրագով այծեամին է փնտրում եւ ուզում է ձեռքերն իր արիւնով լուանալ, որ նա առանց գթալու կը կրակի եւ կը սպանի կա՛մ այծեամին, կա՛մ նրա ձագուկին: Այստեղ հաւանաբար Ջիւանին այլաբանօրէն ներկայացրել է հայ մօր վիճակը, երբ, բանակում հայ տղամարդկանց կոտորելուց յետոյ, ընտանիքներում մայրը միայնակ էր մնում թուրք հրոսակի դէմ, որը փնտրում, սպանում էր թէ՛ մօրը, թէ՛ նրա զաւակներին: Եւ փրկուելու համար մնում էր միայն փախչել:
Բացի դրանից, զուգահեռներ ենք գտնում նաեւ երգի բովանդակութեան ու Ջիւանու մանկութեան միջեւ: Նրա հայրը մահացել էր, երբ դեռ երեխաները փոքրիկ էին, եւ հօրեղբայրը, որոշ ժամանակ անց, Ջիւանու այրի մօրն ամուսնացնում է ուրիշ գիւղում ապրող մէկի հետ: Անտեր որբուկները լացով ճանապարհ են դնում մօրը մինչեւ դիմացի բլրակը, կանգնած սպասում, մինչեւ սիրելի գլխաշորը ծածկւում է բլրի հետեւում։ Ու այնուհետեւ ամէն առաւօտ կանուխ ոտաբոպիկ ու գլխաբաց մի մանուկ թաքուն վազ էր տալիս դէպի բլրալանջը, թաթիկը դնում ճակատին ու երկա՜ր,երկա՜ր նայում, թէ արդեօք չի՞ երեւում մօր գլխաշորը։ Բայց ճանապարհներն ամայի էին... Տղան հեկեկալով տուն էր վերադառնում, ուր նրան սպասում էին հօրեղբօր կնոջ անէծքն ու ծեծը: Ահա, այս է, կարծում ենք մայր-այծեամից զրկուած ու լաց լինող ձագուկների նախատիպը:
Երգը ներկայացուած է Փառիկ Նազարեանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ