Հայկական ժողովրդական երգեր. «Չինար ես» երգը՝
Այսօր ներկայացնում ենք «Չինար ես» երգը՝ Կոմիտասի գրառմամբ եւ մշակմամբ։ Այս գեղեցիկ երգը Կոմիտասը մշակել է թէ՛ որպէս մեներգ՝ դաշնամուրի նուագակցութեամբ, թէ՛ որպէս խմբերգ: Սա, յիրաւի, հայ երգարուեստի գանձերից մէկն է:
Հայ ժողովրդական երգերը մշակելիս Կոմիտասն առաջնորդւում էր իր իսկ սահմանած սկզբունքով. «Պէտք է քաջ հմուտ լինել հայ ժողովրդի պատմական, բնական եւ ազգային պայմաններին, եղանակի կազմութեանը, ոգուն, ոճին, բառերի իմաստին, մեր ժողովրդական տաղաչափութեան, ժողովրդի երգեցողութեան ու արտասանութեան հանգամանքներին եւ էլի մի շարք այլ բաների, ապա ձեռնարկել դաշնակելու եւ հրատարակելու, հակառակ դէպքում միշտ թերի կողմ կը մնայ»։
Կոմիտասն ինքնատիպ մօտեցմամբ է մշակել «Չինար ես» երգը: Այս երգի մէջ չկան հակադիր կերպարներ, պարզապէս տրւում է քնարական մի վիճակ՝ իր տարբեր նրբերանգներով:
«Չինար ես» երգը սէրը կորցրած աղջկայ կսկծի արտայայտութիւնն է, նրա վշտի մարմնաւորումը: Աղջիկը սկզբում դիմում է իր սիրած տղային, որ բարձր հասակ ունի, եւ խնդրում է չկեռանալ, մէջքը չծռել եւ հասակի գեղեցկութիւնը, որով ինքը հիանում է, չկորցնել: Նա նաեւ խնդրում է տղային, որ չհեռանայ իրենց դռան մօտից:
Բայց, ինչպէս տեսնում ենք յաջորդ քառատողից, տղան չի անսացել աղջկայ խնդրանքին եւ հեռացել է՝ նրա աչքերը թաց թողնելով:
Իսկ վերջին քառատողում աջիկը պատմում է իր երազը. տեսել է, թէ իրեն ուրիշն էր կնութեան տարել, ինչի առթիւ ամօթանք է տալիս տղային, որ մոռացած իրենց սերը, միմյանց հետ անցկացրած գեղեցիկ պահերը՝ կարող է նման բան թոյլ տալ:
Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմէնուհի Սեյրանեան։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ