Հայկական ժողովրդական երգեր. Սահակ Պարթեւի «Որ զերիս մանկունսն ի հնոցին ապրեցուցէր» պարականոն շարականը
Այսօր ձեզ ենք ներկայացնում Սահակ Պարթևի «Որ զերիս մանկունսն ի հնոցին ապրեցուցէր» պարականոն շարականը։
Պարականոն շարականները բոլորն էլ մի ժամանակ ընդունուած են եղել ժամակարգութեան մhջ, ունեցել են իրենց կանոնն ու ձայնը: Բայց տարբեր դարերում «Շարակնոցի» խմբագրողներն ու կանոնաւորողներն ինչ-ինչ նկատառումներով այդ շարականները հանել են ժամակարգութիւնից և տպագիր «Շարակնոցից»: Պարականոն շարականներն անչափ շատ են, և այդ հարիւրաւոր երգերից մեկն էլ սա է:
Երգում, դիմելով Աստծուն, ասւում է. «(Դու,) որ փրկեցիր երեք մանուկներին հնոցի կրակից, ինձ նոյնպէս փրկիր ահագին կրակից: Երեք մանուկները երգով ցօղի վերածեցին հուրը և ամօթով արին թագաւորին: Յաւիտեանս բարձր դասէք Նրան, որը բարձունքում է բնակւում, բայց (որին) խոնարհ տեսայ»:
Ինչի՞ մասին է խօսքը: Ի՞նչ երեք մանուկներ էին դրանք, որ հնոցի հրից փրկուել էին և ո՞ր թագաւորին էին ամօթով թողել: Այս պատմութեանը ծանօթանալու համար պէտք է թերթենք Դանիէլի մարգարէութեան գիրքը: Այնտեղ պատմւում է, որ հրեաների գերութեան շրջանում Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը 60 կանգուն բարձրութեամբ մի ոսկեայ արձան է կանգնեցնում, որն իրենից ներկայացնում էր հեթանոսական աստուածներից մեկին, ու հրամայում է, որ իր թագաւորութեան հպատակ բոլոր ժողովուրդները, նուագարանների ու երգիչների ձայները լսելով, ծունկի գան և երկրպագեն այդ արձանին: Իսկ չենթարկուողներին Բաբելոնի արքան սպառնում է նետել հնոցը և այրել: Երբ հնչում են նուագարանների ձայները, բոլոր հպատակ ժողովուրդները երկրպագում են արձանին, բացի երեք հրեայ պատանիներից՝ Սեդրակից, Միսակից ու Աբեդնագովից, ովքեր Դանիէլ մարգարէի ընկերներն էին: Քաղդէացի մարդիկ գնում, Նաբուգոդոնոսորի մօտ չարախօսում են այս երեք պատանիներին, թէ՝ «Արհամարհեցին քո հրամանը և չերկրպագեցին արձանին»: Արքան կանչել է տալիս Սեդրակին, Միսակին և Աբեդնագովին և զայրացած պահանջում, որ երբ հնչեն փողերն ու սրինգները, երկրպագեն իր կուռքին, սակայն մերժում ստանալով՝ լցւում է զայրոյթով ու իր ծառաներին հրամայում եօթնապատիկ բորբոքել հնոցը և պատանիներին կապկպելով նետել նրա մէջ: Ծառաներն այդպէս էլ անում են, բայց այս երեք տղաները բոլորովին չեն վնասւում կրակից, այլ հանգիստ քայլում են հնոցի մէջ, իսկ նրանցից մէկը փառաբանական խօսք է յղում առ Տէրը: Աստուծոյ հրեշտակն իջնում, կանգնում է հնոցի մէջ, կրակի բոցը թօթափում նրա միջից և ներսում այնպիսի հողմ բարձրացնում, որ կրակը բոլորովին չի վնասում Սեդրակին, Միսակին ու Աբեդնագովին:
Տեսնելով այդ և լսելով նրանց օրհնութեան խօսքն իրենց Աստծուն՝ Նաբուգոդոնոսորը տագնապահար է լինում և հարցնում իր մեծամեծներին՝ միթէ իրենք երեք հոգու չէին գցել հնոցը: Երբ մեծամեծները հաստատում են, արքան զարմանքով հարցնում է, թէ ո՞վ է այն չորրորդը, որ տեսքով Աստուծոյ որդուն է նման: Ապա մօտենում է հնոցի դռանը և դուրս կանչում երեք պատանիներին: Երբ նրանք դուրս են գալիս, բաբելացիներն ու միւսները տեսնում են, որ նրանց հագուստներն այրուած չեն, անգամ գլխի մազերը չեն խանձուել: Դրանից յետոյ Նաբուգոդոնոսորը հրամայում է, որ ոչ ոք չհայհոյի երեք հրեայ պատանիների Աստծուն:
Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Տաղարան» անսամբլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար՝ Երուանդ Երկանեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ