Հայկական ժողովրդական երգեր. Սահակ Պարթեւի «Այսօր գոլով ի Բեթանիա» շարականը
Այսօր ներկայացնում ենք Ե դարի հայոց կաթողիկոս Սահակ Պարթեւի «Այսօր գոլով ի Բեթանիա» շարականը, որը նուիրուած է Ղազարոսի յարութեանը։ Այս թեմայով Սահակ Պարթեւի գրած շարականներն աչքի են ընկնում իրենց պարզութեամբ: Դրանց բոլորի մէջ տարբեր ձեւերով ու խօսքերով ներկայացւում են Ղազարոսի յարութեան հրաշքն ու Քրիստոսի մարդասիրութիւնը:
Այս շարականում ասւում է, թէ ինչպէս Բեթանիա քաղաքի մանուկները «սքանչացեալ» պատմում են Յիսուսի կատարած հրաշքի՝ Ղազարոսի յարութեան մասին:
Այդ հրաշքի պատմութիւնը բերում է Յովհաննէս աւետարանիչը, որը նկարագրում է, թէ ինչպէս Յիսուսը գնաց Բեթանիա՝ յարութիւն տալու արդէն չորս օր մեռած եւ թաղուած իր բարեկամին՝ Ղազարոսին: Նրա քոյրերը՝ Մարիամն ու Մարթան, Յիսուսին լուր էին ուղարկել Ղազարոսի հիւանդութեան մասին, բայց Նա երկու օր եւս մնաց այնտեղ, ուր գտնւում էր՝ ասելով, որ այդ հիւանդութիւնը ոչ թէ մահ է բերելու Ղազարոսին, այլ փառաւորելու է Աստուծոյ անունը: Երբ գնաց Բեթանիա, քոյրերից մէկը՝ Մարթան, իմանալով, որ Յիսուսը եկել է, շտապեց ընդառաջ ելնել նրան, իսկ Մարիամը մնաց տանը: Հանդիպելով Յիսուսին՝ Մարթան ասում է. «Տէր, եթէ դու այստեղ եղած լինէիր, իմ եղբայրը մեռած չէր լինի»: Այս խօսքի մէջ, ասես, մի տեսակ յանդիմանանք կայ՝ Յիսուսին ուղղուած, թէ ինչու ուշացաւ: Սակայն Յիսուսն ասում է, որ ինքն է յարութիւնը եւ կեանքը, եւ ով հաւատայ իրեն, նոյնիսկ եթէ մեռնի, միեւնոյնն է, պիտի ապրի: Յիսուսը քիչ անց յարութիւն էր տալու Ղազարոսին. թւում է, թh խօսքը հենց այն մասին է, որ թէեւ մեռել էր, բայց պէտք է նորից յարութիւն առնէր ու ապրէր: Բայց յարութիւն առած Ղազարոսը, ապրելով եւս մի քանի տասնեակ տարի, դարձեալ պէտք է մեռնէր: Ուրեմն խօսքը ոչ թէ այս, այլ յաւիտենական կեանքի մասին էր:
Յիսուսի այդ խօսքից յետոյ Մարթան կանչում է քրոջը՝ Մարիամին, որն արտասուախառն աչքերով գալիս է Յիսուսի մօտ: Վերջինս, տեսնելով եղբօր մահը ողբացող քրոջ տառապանքը, Ինքն էլ յուզւում եւ արտասւում է: Կարող է տարօրինակ թուալ․ եթէ քիչ յետոյ պէտք է Ղազարոսին յարութիւն տար, էլ ինչու էր արտասւում: Բայց, լինելով կատարեալ Աստուած, որ ունէր այդ իշխանութիւնը, Յիսուսը նաեւ կատարեալ մարդ էր՝ ամէն ինչով մեզ նման, բացի մեղքից: Ուստի մարդկայնօրէն Նա եւս խռովուեց Իր հոգում ու արտասուեց:
Ապա քոյրերին խնդրեց՝ Իրեն տանել Ղազարոսի գերեզմանի մօտ, որը մի քարայր էր՝ մուտքը մեծ քարով ծածկուած: Յիսուսը պահանջեց մի կողմ գլորել այդ քարը, որից յետոյ, գոհութիւն տալով Հայր Աստծուն, կանչեց. «Ղազարո՛ս, վե՛ր կաց, դո՛ւրս արի»: Եւ ներկաները սոսկումով ու մեծ զարմանքով տեսնում են, թէ ինչպէս չորս օր առաջ մահացած ու թաղուած Ղազարոսը դուրս եկաւ գերեզմանից՝ կապուած ոտքերով ու ձեռքերով, երեսը՝ վարշամակով ծածկուած: Այդ հրաշքից յետոյ հրէաներից շատերը հաւատացին Յիսուսին:
Ահա Սահակ Պարթեւն էլ ներկայացնում է այս պատմութիւնը իր «Այսօր գոլով ի Բեթանիա» շարականում, որը Ղազարոսի յարութեան յիշատակի օրուայ Օրհնութեան շարականն է:
Այն ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Գանձեր» անսամբլի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ