Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Աղջիկս, քեզի շափղա մը» երգ

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (126)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք ժողովրդական «Աղջիկս, քեզի շափղա մը» երգը, որի երեք տարբերակներն ընդգրկուած են Միհրան Թումաճանի «Հայրենի երգ ու բան» գրքի առաջին հատորում՝ Բութանիայի հայութիւնից գրառուած երգերի շարքում։ Երգասացները եղել են պարտիզակցի Մարիամ Մինասյանը և ադաբազարցի Տիգրանուհի և Սողոմե Փաթինյանները։

Գրքում ներկայացուած երեք տարբերակներն ունեն տեքստային որոշ տարբերութիւն։ Ծանօթագրութեա մէջ Թումաճանը գրում է․ «Այս երգի նախատիպերը կան հայկական գրեթե բոլոր վայրերում։ Զուարճախառն պարունակութիւնը ամեն տեղ նոյնն է։ Բայց հագուստ-կապուստի վերաբերեալ անունները մեծ զանազանութիւններ ունեն տեղական բարքերի համաձայն։ Այդ անունների մէջ գրեթէ հայերէն բառ չի տեսնւում, որովհետև առևտրական շուկայում օտար անունները հասարակաց են դարձել։ Պոլսին շատ մօտ եղող այս գաւառը (Բութանիա) արդեն իւրացրել էր թուրքական և եւրոպական բառերի տեղականացած ձևերը։

Հակառակ որ խօսքերը առօրեայ և արդիական գործածութեան են վերաբերում, եղանակների ոճը արդիական ազդեցութիւն չունենալուց զատ, այստեղ էլ, ուրիշ շատ երգերի նման, բնագաւառի երգերին յատուկ յատկանիշները գրեթէ նոյնութեամբ պահպանել է։ Նկատի պէտք է ունենալ, որ այսպիսի պարագաներում ամենաուշը փոփոխութեան են ենթարկւում պարային եղանակները, ինչպէս այս և միւս բոլոր պարերգերի մէջ էլ որոշակի երևում է»։

Երգում առաջին դէմքով հանդէս եկողը աղջկան և նրա ծնողներին նուէրներ է առաջարկում, բայց նրան ու մորը լաւ և նոր իրեր է կամենում, իսկ երբ հերթը հասնում է հորը, նրան տրուող իրերն ունենում են թերութիւններ․ հայրիկի գլխարկի ծոպը պոկուած է, զգեստների կապերը կորած են, իսկ նրան բաժին հասած էշն էլ քոսոտ է ու առանց թամբի։ Դժուար է միանշանակ ասել, թէ ինչու, բայց կարելի է ենթադրել, որ ընտանիքի հայրը սովորաբար ամեն լավ բան տալիս է իր զաւակներին ու կնոջը՝ իրեն պահելով թերին ու անորակը։

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Գանձեր» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Գևորգ Հունանյան, գեղարուեստական ղեկավար և դիրիժոր՝ Դանիել Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

11/01/2026, 08:00