Հայկական ժողովրդական երգեր. «Ո՞րն է աշխարհ Հայաստան» երգը
Այսօր ձեր ուշադրութեանն ենք ներկայացնում «Ո՞րն է աշխարհ Հայաստան» երգը, որի խօսքերի հեղինակն է Մկրտիչ Փորթուգալեանը (1848-1921): Երաժշտութեան հեղինակը մեզ անյայտ է։ Քիչ չեն այն դէպքերը, երբ խօսքն ու երաժշտութիւնը գրում է միեւնոյն ստեղծագործողը, ուստի բացառուած չէ, որ հենց Փորթուգալեանն էլ լինի նաեւ երաժշտութեան հեղինակը։ Սակայն յաճախ է պատահում, երբ բանաստեղծական տեքստը լայնօրէն տարածուելով ժողովրդի մէջ, նրանից էլ երաժշտական շնորհով օժտուած մի մարդ ստեղծում է մեղեդին՝ այն վերածելով երգի։ Որոշ դէպքերում էլ խօսքերը պարզապէս երգւում են մէկ ուրիշ յայտնի երգի մեղեդիով։
Երգը տպագրուած է «Նոր քնար» հայրենասիրական երգերի ժողովածուում, որը հրատարակուել է 1954 թ․ Պէյրութում։
Այն տեւական ժամանակ հայ ազգին յուզող՝ կողմնորոշման խնդրի մասին է․ արդեօք մենք պէտք է Ռուսաստանի՞ հետ դաշնակցենք, որը բռնի ուժով ձգտում է գերել աշխարհը՝ կործանելով նուաճուած ազգերի ամէն ճիգ ու ջանք։ Իսկ գուցէ անհրաժեշտ է Թուրքիայի (Տաճկաստան) հե՞տ բարեկամանալ։ Բայց այնտեղ էլ իրաւազուրկ են կանայք․ թրքուհիները կանանոցի՝ հարեմի մէջ այնպէս են փակուած, ասես՝ թաղուած են կենդանի։ Մի՞թէ հայ կին ու աղջիկներ պիտի նման օրէնքների բռնաճնշմանը ենթարկուեն։ Իսկ եթէ այս էլ չէ, գուցէ Ֆրանգստանի (Ֆրանսիայի եւ առհասարակ Եւրոպայի) հե՞տ դաշնակցենք, որի արտադրած շքեղ ու բարձրորակ զգեստները տարածուել են աշխարհի առաջադէմ ու պահպանողական երկրներում, եւ որը, միւս ժողովուրդների շարքերում, առաջինն է լուսաւորութեան ասպարէզում։
Ո՜չ, այս ամէնը մերը չեն։ Մենք բոլորի հետ էլ կարող ենք եւ պէտք է շփուենք ու յարաբերութիւններ զարգացնենք, բայց պէտք է մեր հայրենի հողի վրայ ունենանք մեր անկախ պետականութիւնը, որտեղ կը սահմանենք մե՛ր ազգին հարմար օրէնքներ ու կենցաղ։
Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Գանձեր» անսամբլի կատարմամբ։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ