2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր . «Երգեցէք, որդիք Սիովնի» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (119)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք XIII դարի շարականագիր կաթողիկոս Յակոբ Կլայեցու «Երգեցէք, որդիք Սիովնի» շարականը, որը Սուրբ Աստուածածնի Ծննդեան կարգի «Օրհնութեան» շարական է։

Սիոնը բլուր է Երուսաղեմում, սակայն ունի այլաբանական իմաստներ։ Հրեաների մօտ այդպէս են անվանում Աստծուն հաւատարիմ մարդուն։ Իսկ քրիստոնէութեան մէջ, Սիոն ասելով, սովորաբար նկատի է առնւում Երուսաղեմը։

Եւ ահա, շարականագիր Յակոբ Կլայեցին կոչ է անում Երուսաղեմի բնակիչներին՝ ցնծութեան երգ երգելու մինչ այդ ամուլ ճանաչուած մորից՝ Աննայից ծնուած Մարիամի պատուին, որն էլ դարձաւ մայրը Քրիստոսի, որը կար ժամանակներից առաջ և դուրս է ժամանակի ազդեցութիւնից։

Յաջորդ տան մէջ արդեն կոչը յղւում է մարդկային ցեղին առհասարակ՝ տօնելու Սուրբ Կոյսի ծնունդը, քանի որ նա իր արգանդում անսերմնապես կրեց Նրան, ում հնարաւոր չէ կրել։

Այսօր աշխարհի ուրախութիւնը ծնուեց, որից, մարդկային հին կարգով, ծնուեց, մարմին առաւ Աստուած Ի՛նքը, որը պիտի նոր կտակ սահմաներ մարդկութեան համար՝ փրկելով մեղքի ստրկութիւնից։

Եւ ապա շարականագիրը կոչում է Մարիամին, որը Հորից բխող Խօսքի մայրն է, որը ծնուեց Մարիամից, բայց գոյութիւն ունէր ոչ միայն նրանից, այլեւ սատանայ Արուսեակից էլ առաջ։ Նա Երկնային լոյսի ծագեցնողն էր և դրանով մարդկանց պարուրող խաւարը լուծողը։

Եւ ամէն տան վերջում կոչ է անում մարդկութեանը՝ օրհնութիւն տալ նրան, ով մեր Լոյսի (Քրիստոսի) մորը տուեց աշխարհին․ այսինքն Մարիամի մայր Աննային։

Շարականը ներկայացուած է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Տիգրան Հեքեքյան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/11/2025, 07:45