Հայկական ժողովրդական երգեր. Բաղդասար Դպիրի (1683-1768) «Ի ննջմանէդ արքայական» տաղը
Այսօր ձեր ունկնդրութեանը ներկայացնում ենք Բաղդասար Դպիրի (1683-1768) «Ի ննջմանէդ արքայական» տաղը։
Բաղդասար Դպիրի մասին տեղեկութիւնները կցկտուր են: Յայտնի է, որ նրա ծնողները՝ Գրիգորը և Թուրվանդը Կեսարիայից գաղթել են Կոստանդնուպոլիս, որտեղ էլ ծնուել է Բաղդասարը: Նախնական ուսումը ստանալով տեղական դպրոցներում, աշակերտում է Աստուածատուր Եպիսկոպոս Ջուղայեցուն, որը Հայոց կաթողիկոսի նուիրակն էր: Մօտ 60 տարեկանում նշանակւում է Գումգափուի դպրանոցի տեսուչ: Նրա աշակերտներն են լինում հետագայում հռչակուած դէմքեր, ինչպէս օրինակ կաթողիկոս Սիմեոն Երևանցին և բանաստեղծ Պետրոս Ղափանցին: Ժամանակակիցները նրան կոչել են «Նոր Հոմերոս»:
Բաղդասար Դպիրի դերը հայ քնարերգութեան զարգացման գործում մեծ է: Հայկական բանաստեղծութիւնը վաղ միջնադարում գրւում էր գրաբարով, բայց 12-րդ դարից սկսած այն սկսում է իր տեղը զիջել ժամանակի խօսակցական լեզուին՝ միջին հայերէնին: Ահա 18-րդ դարում սկսւում է մի շարժում, որը նպատակ ունէր վերակենդանացնելով հին հայերէնը՝ թուրքական ու պարսկական տիրապետութեան տակ գտնուող հայ ժողովրդին դուրս բերել մտքի և լեզուի անկումից: Եւ Բաղդասար Դպիրը, Պետրոս Ղափանցին և ժամանակի միւս գործիչներն աշխատում են վերականգնել գրաբարն ու օգտագործել իբրև գրական լեզու: Սակայն, գրելով գրաբար, նրանց խօսքն այնքան պարզ ու մատչելի է, որ գրեթէ աշխարհաբարի չափ հասանելի է մեզ:
«Ի ննջմանեդ արքայական» տաղի մէջ նա միացրել է նոր աշուղական և հին եկեղեցական, դասական երաժշտութեան գծերը: Սա սիրոյ երգ չէ, ինչպէս սխալմամբ կարծել են ոմանք: Այն Բաղդասար Դպիրի ամենանշանաւոր տաղերից մեկն է, որի մէջ նա ցաւով անդրադառնում է աստանդական հայի դառն վիճակին և իբրև ելք, միջոց՝ ազգի հաւաքականութեան ու միաբանութեան պատգամն է յղում: Թուրքական բռնատիրութեան պայմաններում Բաղդասար Դպիրը ողբում է Հայոց պետականութեան կորուստը, աղերսում է արթնանալ արքայական քնից, ազատագրուել օտարի լծից, այլաբանօրէն թախծագին սիրով հայրենիքին դիմելով իբրև նազելի սիրուհու: Իսկ արքաները քնից արթնանալով, կատարում են արքունավայել գործեր, ինչի ակնկալիքն ունի բանաստեղծը իր ու մեր հայրենիքից: Ինչպէս տեսնում էք, 18-րդ դարում ապրած Պաղտասար Դպիրին և մեզ՝ ժամանակակից հայերիս յուզում են նոյն ցաւը, նոյն ձգտումները: Մենք այսօր ունենք Բաղդասար Դպիրի ու նրա ժամանակակից հայերի երազած պետականութիւնը, բայց դեռ շատ հեռու ենք նրանց ու մեր երազած արթնացումից: Այդ արթնացման համար պէտք է թողնել անձնական շահը և հետապնդել անանձնական, այսինքն համընդհանուր շահը:
Տաղը ներկայացուած է Աննա Մայիլյանի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ