Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր .«Առաւօտեան քաղցր եւ անոյշ» տաղը։

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (116)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Բաղդասար Դպիրի աշակերտ Պետրոս Ղափանցու (? - 1784) «Առաւօտեան քաղցր եւ անոյշ» տաղը։

Պետրոս Ղափանցու մասին մեզ հասած տեղեկութիւնները խիստ կցկտուր են, այն էլ կեանքի վերջին տարիների մասին: Սիւնեցի է, ծնուել է հաւանաբար Կապան քաղաքում՝ 18-րդ դարասկզբին: 1753-56 թթ. եղել է Էջմիածնի միաբան: Պետրոս Ղափանցու տաղերը մեծ տարածում են գտել ժողովրդի մէջ, բայց ընկալուել են որպէս ժողովրդական երգեր: Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, 1722-ին Պետրոս Ղափանցին հրատարակում է իր բանաստեղծութիւնների ժողովածուն՝ «Գրքոյկ կոչեցեալ Երգարան»: Նրան յաճախ համարում են սիրոյ երգիչ, սակայն նրա տաղերի հիմնական թեման ազատասիրութիւնն ու հայրենիքն են:

Այս տաղը՝ «Առաւօտեան քաղցր եւ անոյշ», նուիրուած է հայրենիքին, որտեղ գովերգւում են նրա գեղեցկութիւնները: Առաջին տան մէջ ասւում է. առաւօտեան քաղցր և անուշ հովերը մեղմօրէն խաղում են թփերիդ մէջ (դիմում է հայրենիքին), և ծովերդ ծածանւում են աչքերիս առաջ: Ապա կոչ է անում, բացուիր, բացուիր, իմ աննման, կարմիր վարդ, գեղեցկութիւնդ նման է արեգակի վառվառմանը, բոցկլտալուն: Ինչպէս տեսնում եք, իր ուսուցիչ Բաղդասար Դպիրի խոսքի արձագանքն է, երբ, դարձեալ դիմելով հայրենիքին, «Ի ննջմանէդ արքայական» տաղում ասում էր «արթնացի՛ր քո արքայական քնից»:

Մեր հայրենիքը դեռ գտնուում է արքայական քնի մէջ, և երազում ենք, որ արթնանայ ու կատարի արքունավայել գործեր: Նա մի աննման, կարմիր, բայց դեռ չբացուած վարդ է, որ բացուելով՝ հիացնելու է իր անուշ բոյրով ու գեղեցիկ տեսքով:

Յաջորդ տներում ասւում է, որ քանի ողբում է իր ժամանակների մռայլ վիճակի համար, այնքան խոցոտւում է իր սիրտը, հայրենիքի փայլուն գեղեցկութիւնը միտքը բերելով՝ բոցավառւում է սիրտը, և հորդ արտասուքով գիշեր ու ցերեկ թրջւում: Եւ ամեն տան վերջում կոչ է անում աննման ու կարմիր իր վարդ-հայրենիքին՝ բացուել, որի գեղեցկութիւնը նման է բոցկլտացող արեգակի:

Թէ՛ Բաղդասար Դպիրը, թթ՛ Պետրոս Ղափանցին ստեղծեցին ժամանակակից բանաստեղծութեանը մօտեցող հակիրճ բանաստեղծական ձևեր: Սակայն դրանք շարունակեցին կապուած մնալ երաժշտական եղանակներին:

Տաղը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Արմէնուհի Սեյրանեան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/10/2025, 07:26