Հայկական ժողովրդական երգեր. Պանդուխտի երգերԷն` «Կանչէ, կռունկ»
Այսօր ձեր ունկնդրութեանը ներկայացնում ենք պանդուխտի երգերից մէկը, որը կոչւում է «Կանչէ, կռունկ»։ Այս վերնագրով կան մի քանի պանդուխտի երգեր, որոնցից մէկն էլ գրի է առել Կոմիտասը։
Իսկ այս տարբերակում պանդուխտ տղան դիմում է կռունկին՝ խնդրելով կանչել, քանզի նրա ձայնը բարակ է այնպէս, ինչպէս իր յարի ձայնն է մեղր ու կարագի նման անոյշ: Ապա նա ասում է, որ այն երկիրը, որտեղ իջել է կռունկը՝ իր հայրենիքը, մի դրախտ է, մինչդեռ օտար աշխարհներում անգամ արեւը մառախլապատ է: Նա նայում է, բարձր սարից կանչող կռունկին ու վախենում է, թէ կմեռնի օտարութեան մէջ, չի հասցնի մէկ էլ տեսնել հայրենիքն ու հարազատներին:
Ապա մտքով տեսնում է մորը, որն արտասւում է իր կարօտից, եւ խնդրում է լաց չլինել, ինքը պարզապէս պանդուխտ է, եւ պէտք չէ լացով իր դարդերը եւս մէկով աւելացնել: Չէ՞ որ ինքն էլ իր երկրի հող ու ջրին, իր հարազատներին է կարօտել: Եւ նորից աչքն ընկնում է կռնչացող կռունկին, որը եկել է գարնան հետ, մինչդեռ ինքն էլ չի կարող այս թռչնի նման ազատօրէն գնալ՝ ուր ուզում է, եւ այս մտքից, ասես, սիրտն արիւն է կաթում: Նրա՝ կարօտից մորմոքուող սիրտը նորից յարի մասին մտքերով է համակւում, որին, կարծես, կորցրել է, քանի որ յար ունի, բայց հեռու է նրանից, զրկուած է նրան տեսնելու բերկրանքից:
Երգը ներկայացուած է «Մարաթուկ» անսամբլի կատարմամբ։ Մենակատար՝ Գայանէ Պօղոսեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ