2026.06.07 Corso per  chierichetti Armenia

Սբ. Խորանի սպասաւորների պատրաստութեան օրերը Երևանում. Յունիսի 1-5, 2026թ.

Երիտասարդների և պատանիների համար այս օրերը ոչ միայն գիտելիքների հարստացման, այլև՝ հոգևորականների հետ առաւել մօտիկից շփուելու և իրենց յուզող հարցերին պատասխաններ ստանալու հնարաւորութիւն էր: Նրանք հետաքրքրուած էին թէ՛ հայ կաթողիկէ ծէսի առանձնայատկութիւններով, որի նկատմամբ լցուած են խանդավառ սիրով, թէ՛ հաւատքի և քրիստոնէական վարդապետութեան տարբեր հարցերով, որոնց մասին սեփական պատկերացումներն ու գաղափարներն ուզում էին յստակեցնել հոգևորականների հետ զրոյցների միջոցով

2026թ. յունիսի 1-5-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում կազմակերպուեցին Սուրբ Խորանի սպասաւորների պատրաստութեան օրեր՝ նախաձեռնութեամբ և օրհնութեամբ Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի: Դասընթացները վարում էր Մոսկուայի հայ կաթողիկէների ժողովրդապետ, Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Աւագերէց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանը՝ գործակցութեամբ Վրաստանի հայ կաթողիկէ համայնքների Աւագերէց Գերհ. Հ. Միքայել Ծ. Վրդ. Խաչկալյանի, Արժ. Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի, Արժ. Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, Արժ. Տ. Ռուբեն Քհն. Միսսիսյանի և Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի, ինչպէս նաև երգի ուսուցչուհի Տկն. Գոհար Շախուլյանի: Դասընթացին մասնակցեցին 10-27 տարեկան 56 պատանիներ և երիտասարդներ՝ Հայաստանի և Վրաստանի համայնքներից:

Յագեցած օրակարգում ներառուած էին տեսական զրոյցներ՝ Սուրբ Պատարագի և Խորանի սպասաւորութեան իմաստի մասին, գործնական դասեր՝ Սուրբ Պատարագի սպասաւորութիւնը ճշգրիտ կատարելու համար, ինչպէս նաև՝ աղօթասացութեան և երգեցողութեան դասեր, ամենօրեայ Սուրբ Պատարագ և Վարդարանի աղօթք, սպորտային ակտիվութիւն՝ ֆուտբոլային խաղ և այլ խաղեր, ուխտագնացութիւն դեպի Բջնիի Սուրբ Աստուածածին եկեղեցին և ամրոցը:

Երիտասարդների և պատանիների համար այս օրերը ոչ միայն գիտելիքների հարստացման, այլև՝ հոգևորականների հետ առաւել մօտիկից շփուելու և իրենց յուզող հարցերին պատասխաններ ստանալու հնարաւորութիւն էր: Նրանք հետաքրքրուած էին թէ՛ հայ կաթողիկէ ծէսի առանձնայատկութիւններով, որի նկատմամբ լցուած են խանդավառ սիրով, թէ՛ հաւատքի և քրիստոնէական վարդապետութեան տարբեր հարցերով, որոնց մասին սեփական պատկերացումներն ու գաղափարներն ուզում էին յստակեցնել հոգևորականների հետ զրոյցների միջոցով, որոնք տեղի էին ունենում դասերի և ոչ ֆորմալ հանդիպումների միջոցով:

Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը երկու հանդիպում ունեցաւ երիտասարդների հետ՝ Սուրբ Պատարագի խորհրդի և քահանայական կոչման մասին:

Սրբազանն առաւել հրաւիրեց մտածել սպասաւորութեան հոգու մասին, առանց որի ծիսական գործողութիւններն անիմաստ են. հարկաւոր է գիտակցել, թէ ինչի համար է սպասաւորը Խորան բարձրանում, ինչ նպատակով է կատարւում այդ ծառայութիւնը: Ամէն մի գործողութեան հետևում թաքնուած է հոգևոր մեծ իմաստ, որը պէտք է հասկանալ: Սրբազանը հրաւիրեց նաև մտածելու սպասաւորների միջև եղբայրական յարաբերութիւնների զարգացման մասին:

Քահանայական ծառայութեան մասին իր հանդիպման ժամանակ Առաջնորդ Հայրը անկեղծօրէն պատմեց իր քահանայական ծառայութեան կոչման պատմութիւնը, որը սկսուեց դեռ շատ մանուկ հասակում՝ պարզ աղօթքներից և Սուրբ Պատարագի հանդէպ սիրուց և զարգացաւ ու հասունացաւ, երբ հասկացաւ, որ աշխարհիկ մասնագիտութիւններն իր համար չեն, այլ՝ իր համար են միայն հոգևոր ծառայութիւնն Աստծուն և Եկեղեցուն: Նրա պատմութիւնը առիթ տուեց մտածելու, թէ ինչպէս է Աստուած կանչում քահանայական ծառայութեան կամ այլ տեսակի հոգևոր ծառայութեան. իւրաքանչիւրի յարաբերութիւնն Աստուծոյ հետ եզակի մի պատմութիւն է և ուշադրութեան արժանի:

Վերջին օրը սպասաւորները լսեցին նաև Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայանի զրոյցը քահանայական կոչման զատորոշման և քահանայական ծառայութիւն սկսելու մասին: Պատանիները շատ հետաքրքրուած էին այդ պատմութիւններով՝ ջանալով միաժամանակ հասկանալ սեփական կեանքի ճանապարհը և Աստծոյ հնարաւոր կանչը՝ նուիրուելու հոգևոր ծառայութեան:

Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

06/06/2026, 07:20