Որոնել

2026.03.25 Ritiro Spirituale clero armeno cattolico - Armenia

Քահանայական դասի 2026թ. Սբ. Յարութեան տօնին ընդառաջ հոգևոր կրթութիւնը և աշխատանքային ժողովները

«Սիրեաց զիւրսն, ի սպառ սիրեաց զնոսա», Յովհ.. 13,1

2026թ. մարտի 16-19-ը Երևանի Առաջնորդարանում տեղի ունեցան հոգևոր կրթութեան օրեր՝ ողջ հոգևոր դասի համար՝ առաջնորդութեամբ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքների Աւագերէց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսաեանի և օրհնութեամբ Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի: Հոգևոր կրթութեան բնաբանն էր՝ «Սիրեաց զիւրսն, ի սպառ սիրեաց զնոսա», Յովհ. 13,1: Գերհ. Հ. Պետրոս Եսաեանը բացատրեց, որ ընտրել է այս բնաբանը, քանի որ քահանայական ծառայութեան և առաքելութեան շարժիչ ուժը և նպատակը սէրն է, սիրել Քրիստոսին և մարդկանց՝ ի սէր Քրիստոսի: Երեք օրերի ընթացքում օրական երկու բանախօսութիւնների ընթացքում, առաջնորդուելով Ն. Ս. Պենետիկտոս 16-րդ Սրբազան Պապի «Յիսուս Նազովրեցի» եռահատոր աստուածաբանական մեկնողական աշխատասիրութեամբ, խօսեց հետևեալ թեմաների շուրջ.

1.Ղազարու յարութիւնը, որով բացւում է Աւագ Շաբաթը,

2.Յիսուսի փառաւորման ժամը՝ ըստ Յովհաննէսի Աւետարանի,

3.Յիսուսի քահանայապետական աղօթքը, Յովհ. 17,

4.Քրիստոսի չարչարանքները և մահը,

5.Քրիստոսի Յարութիւնը և երևումները Մարիամ Մագդաղենացուն՝ ըստ Յովհ. 20, և աշակերտներին՝ Էմմաւուսի ճանապարհին, Ղկ. 24,

6.Յարուցեալ Քրիստոսի երևումը աշակերտներին՝ Տիբերիայի լճի ափին, Հվհ. 21:

Բանախօսութիւններին յաջորդում էին լուռ խորհրդածութեան պահերը, որոնց ընթացքում քահանաներն առանձին խորհրդածում էին քննարկուած աւետարանական հատուածների և Եբրայեցիներին ուղղուած նամակի տեքստերի շուրջ` որպէս լրացուցիչ խորհրդածութեան նիւթ: Աղօթական կեանքը ևս շատ հարուստ էր՝ ամեն օր Արևագալի ժամերգութեամբ, Սուրբ Պատարագի մատուցմամբ, Ճաշու ժամերով, Երեկոյեան և Խաղաղական ժամերգութիւններով, Սուրբ Հաղորդութեան երկրպագութեամբ և Ճանապարհ Խաչի ջերմեռանդութեամբ:

Վերջին օրը՝ մարտի 19-ի երեկոյեան, հոգևորականները կիսուեցին եռօրեայ հոգևոր կրթութեան վերաբերեալ իրենց իրենց տպաւորութիւններով:

Կարևորուեց և այն, որ հոգևոր կրթութիւնը միաւորում է քահանաներին և հնարաւորութիւն ստեղծում միասնաբար մտածելու ընդհանուր առաքելութեան մասին, միասին աղօթելու նոյն նպատակների համար: Սրբազանի համար կարևոր էր մանաւանդ հետևեալ կէտը. պատասխանատուութիւն ստանձնել միմիանց համար՝ որպէս հայրեր, քանի որ քահանաները միայն եղբայրներ չեն, այլեւ՝ հայրեր միմեանց և ժողովրդի համար:

Մարտի 19-ի երեկոյան քահանաները հանդիպում ունեցան նաև տեղեկատուական տեխնոլոգիաների մասնագէտ, Էսթերոքս ընկերութեան տնօրէն Արմեն Ադամյանի հետ, ով խօսեց արհեստական բանականութեամբ ստեղծուած ծրագրային հնարաւորութիւնների մասին՝ որպէս աւետարանելու կարևոր ժամանակակից գործիքներ: Առանձին ներկայացրեց նաև Առաջնորդարանի թարմացուած հեռախօսային յաւելուածի հնարաւորութիւնները: Յաւելուածը կոչւում է Ordinariate և արտացոլում է Առաջնորդութեան կայքի բաժինները և շատ այլ օգտակար տեղեկատուութիւն:

Մարտի 20-ին տեղի ունեցան աշխատանքային ժողովներ:

Քահանայական ժողովի ընթացքում քննարկուեցին մի շարք կարևոր հարցեր. Ժողովրդապետները ներկայացրին իրենց համայնքներում կատարած աշխատանքները, հաշուետուութիւնը և ապագայ ծրագրերը։ Տ. Յովսէփը խօսեց 2027 թ. Երիտասարդների համաշխարհային օրերի կազմակերպման մասին, և ստեղծուեց 9 անդամից բաղկացած յանձնախումբ՝ Տ. Կոմիտաս Դավեյանի համակարգմամբ։ Ներկայացուեց նաև քրիստոնէական կրթութեան յանձնախմբի գործունէութիւնը, ընդգծուեց կրօնուսոյցների առցանց պատրաստութիւնը և համագործակցութիւնը Սթյուբենվիլի ֆրանցիսկյան համալսարանի հետ։

Քննարկուեց նորաստեղծ ծիսական յանձնախմբի ծրագրերը՝ ծէսի պահպանման նպատակով, ինչպէս նաև Առաջնորդութեան հովուական, կազմակերպչական և ֆինանսական մարտահրաւէրները։ Առաջարկուեց ձևաւորել նոր խորհուրդներ՝ աւելի արդիւնաւէտ կառավարման և համատեղ որոշումների ընդունման համար։

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Աղբիւրը` Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ հայոց

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

25/03/2026, 06:24