Որոնել

2026.02.04-Armenia_Festa-presentazione-Gesu-al-tempio.jpg

Տեառնընդառաջի Սուրբ Պատարագ՝ Անարատ Յղութեան հայ քոյրերի և Մայր Թերեզայի գթութեան քոյրերի համար

Կուսակրօնութեանն ուխտերի նորոգում՝ Ընծայման տօնին

Տեառնընդառաջի տօնին՝ 2026թ. փետրուարի 2-ին, երկուշաբթի Գյիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանը Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Յղութեան հայ միաբան քույրերի և Մայր Թերեզայի Գթութեան քոյրերի համար, առընթերակայությամբ Երևանի լատինածէս ժողովրդապետութեան հովիւ Հ. Աթանասի:

Սրբազանն իր քարոզում նուիրեալ անձանց ուշադրութիւնը հրաւիրեց Տեառնընդառաջի գլխաւոր իմաստի՝ նուիրագործման վրայ՝ շեշտելով, թէ աւետարանական այդ տէրունական իրադարձութիւնը՝ քառասնօրեայ Յիսուս Մանկան ընծայումը Տաճարին, առիթ է նորոգելու ուխտը, որ քոյրերն ու կուսակրօն քահանաները կապել են Աստուծոյ հետ՝ ծառայելու Նրան ամբողջական ինքնանուիրումով՝ Աստուծոյ փառքի համար: Քրիստոսի նուիրումը, որի գագաթնակէտը եղաւ Նրա ինքնազոհութիւնը Խաչի վրայ, օրինակ է վանական կեանքին նուիրուած անձանց համար, ովքեր իրենց անձերն են նուիրել Տիրոջը՝ հարսնանալով Քրիստոսին՝ ճշմարիտ Փեսային: Մկրտութիւնն այդ նուիրման սկիզբն է, բացատրեց Սրբազանը, իսկ երկրորդ վճռական հանգրուանը՝ մշտնջենական խոստումը՝ ուխտը, սեփական կեանքն ու ապագան ամբողջութեամբ նուիրելու Աստծուն: Առաջնորդը նաև կարևորեց այս տօնին միասնականութեան սկզբունքի նորովի արժևորումը, որը նուիրման մի անբաժանելի մասն է. եթէ անձը նուիրւում է Աստծուն, ապա նուիրւում է նաև Եկեղեցուն և Եկեղեցու ամբողջ համայնքին, հետևաբար, պարտաւոր է ամէն ինչ անել միաբանութեան և եկեղեցական համայնքի հետ հաշտ և ներդաշնակ ապրելու համար, որովհետև անմիաբանութիւնը, վէճերը բաժանում են Եկեղեցու միութիւնը, հակասում են նուիրման ուխտին և սիրուն:

Սուրբ Պատարագի աւարտին Սրբազան Հայրը կատարեց մոմերի օրհնութեան կարգը, ապա բոլորը միասին վառուած մոմերով արտասանեցին իրենց ուխտի նորոգութեան այս գեղեցիկ կարճ աղօթքը.

«Յաւիտենական և սիրող Աստուած, վստահելով Քո հաւատարիմ սիրուն՝ ես նորոգում եմ իմ ուխտերը և խոստանում ապրել իմ կեանքը՝ հետևելով Յիսուս Քրիստոսին՝ կուսութեան, աղքատութեան և հնազանդութեան մէջ: Ես նորովի նուիրւում եմ ծառայելու Հայաստանի Եկեղեցուն՝ իմ կրօնական համայնքին վստահուած ծառայութիւններում: Տուր ինձ, Տէր Յիսուս, շնորհը՝ Աստուածածնի միջնորդութեամբ և իմ քոյրերի և եղբայրների աղօթքներով ու աջակցութեամբ հաւատարմօրէն ապրելու իմ ուխտերը. ամեն»:

Տ. Յովսէփ Քհն. Գալստեան

Դիւան Առաջնորդութեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/02/2026, 07:09