Հայ Կաթողիկէ Երիտասարդական Միութեան հիմնադիր ընդհանուր համագումարը
Պաշտօնապէս հիմնադրուեց ՀԿԵՄ-ը
2025 թ. դեկտեմբերի 19-21-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում տեղի ունեցաւ Հայ Կաթողիկէ Երիտասարդական միութեան հիմնադիր Ընդհանուր Համագումարը, որին մասնակցեցին 48 երիտասարդներ` Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներից։ Համագումարը նախագահեց և հովանաւորեց Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկyանը՝ գործակցությամբ Հայաստանի Ավագերեց Գերպ. Հ. Ներսես Վրդ. Գալստյանի, Դիվանի Քարտուղար Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի, Երևանի ժողովրդապետ Տ. Կոմիտաս Քհն. Դավեյանի և Փանիկի ժողովրդապետ Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանի։ Համագումարին մասնակցեցին նաեւ Անարատ Հղության հայ միաբաններ ք. Նարինե Սիմոնյանը և Մարիամ Հարությունյանը, ինչպես նաև՝ հյուրընկալությամբ Երևանում գտնվող Հռոմի Սուրբ Աթոռի Սրբերի Վերատեսչության աշխատակից դկտ. Վալենտինա Կարախանյանը:
ՀԿԵՄ՝ Հայ կաթողիկէ երիտասարդական միութեան, հիմնադրման նախաձեռնութիւնը այս տարի դէպի Հռոմ յոյսի ուխտագնացութիւն կատարած երիտասարդների մի խմբինն է, ովքեր իրենց առաջարկը ներկայացրեցին Սրբազան Հորը և, օրհնութիւն ստանալով, մշակեցին միութեան ռազմավարութիւնը եւ կանոնադրութիւնը, որոնք վերջնական տեսքի բերեցին Դիվանի Քարտուղարի հետ միասին։ Այդ երկու փաստաթղթերում, որոնք մանրամասն ներկայացուեցին Ընդհանուր Համագումարի ժամանակ` դեկտեմբերի 21-ին, արտայայտուած և ամրագրուած են երիտասարդների պատկերացումները միության վերաբերեալ` որպէս կամաւոր սկզբունքներով ձևաւորած միաւորում, որի նպատակն է միաւորել հայ կաթողիկէ երիտասարդներին և առաջնորդել դէպի առաւել սերտ մտերմութիւն Տէր Յիսուս Քրիստոսի հետ, դէպի սրբութիւն, ինքնակատարելագործում, կրթութիւն եւ արգասաբեր ծառայութիւն Հայ Կաթողիկէ Եկեղեցուն` երիտասարդական ավյունով և Յոյսով, համահունչ յոյսի յոբելենականն տարուայ խորհուրդին, որը և խթան հանդիսացաւ միութեան հիմնադրման համար։
Անշուշտ, պէտք է ասել, որ անցած 34 տարիների տարիների ընթացքում նախկին Առաջնորդների, քահանաների եւ երիտասարդների կողմից ևս հսկայական աշխատանք է տարուել երիտասարդական նախաձեռնութիւնների, միասնական հաւաքների, համայնքային օրերի կազմակերպման և միության կայացման ուղղութեամբ, ինչն իր պտուղները Եկեղեցում և երիտասարդների հոգիներում վստահաբար տուել է: Երիտասարդների ներկայիս սերնդի նախաձեռնութեամբ, ինչպէս նաև Առաջնորդութեան հովուական աշխատանքի ներկայիս սկզբունքների և բնութագրի պայմաններում վերջապէս հասունացաւ ժամանակը` պաշտօնապէս հիմնելու երիտասարդական ընդհանուր միութիւն` որպէս կանոնական հաստատութիւն, Առաջնորդ Հոր պաշտօնական վճռով, ներքին կանոնադրութեամբ և ռազմավարական գործողութիւնների յստակ ծրագրով։
Դեկտեմբերի 20-ին երիտասարդների նախաձեռնող խումբը Սրբազան Հորը, ներկայ հոգևորականներին եւ իրենց ընկերներին ներկայացրեցին ՀԿԵՄ հնգամեայ Ռազմավարութիւնը` տեսլականը, առաքելութիւնը, արժեգները, գործունէութեան հիմնական ուղղութիւնները, ապա` Կանոնադրութիւնը և գործողութիւնների ծրագիրը, որից հետո Առաջնորդ Հայրը ընթերցեց իր պաշտօնական Վճիռը (թիվ՝ Դիվան 09/025)` ՀԿԵՄ հիմնադրման մասին եւ հանդիսավորությամբ ստորագրեց իր Վճիռը և միւս երկու փաստաթղթերը եռալեզու` հայերէն, ռուսերէն եւ անգլերէն, տարբերակներով։
Այդպիսով, ՀԿԵՄ-ը պաշտօնապէս հիմնադրուեց որպէս հայ կաթողիկէ երիտասարդների կամաւոր հասարակական միաւորում՝ Առաջնորդութեան կանոնական և իրաւական հովանու ներքոյ:
Հաջորդ քայլը ՀԿԵՄ ղեկավար մարմինների ընտրութիւնն էր: Փակ քուէարկութեամբ ՀԿԵՄ Նախագահ ընտրուեց Երևանի հայ կաթողիկէ միութեան անդամ, ծնունդով գյումրեցի, Երևանի Բժշկական Համալսարանի օրդինատուրայի ուսանող, մասնագիտութեամբ ռեաբիլիտոլոգ պրն. Նաիրի Հաջյանը: Վարչական գծով փոխնախագահ նշանակուեց Երևանի հայ կաթողիկէ միութեան անդամ, ծնունդով Մեծ Սեպասարից, մասնագիտութեամբ լեզուաբան, Վ. Բրյուսովի անվ. համալսարանի շրջանաւարտ օր. Կատյա Հակոբյանը, Ֆինանսական գծով փոխնախագահ՝ Տաշիրի և Երևանի հայ կաթողիկէ միութեան անդամ, ծնունդով Տաշիրից, Ֆրանսիական Համալսարանի Կառավարման ֆակուլտետի շրջանաւարտ, RED Invest Group անշարժ գոյքի գործակալութեան վերլուծաբան պրն. Սերժ Նազարյանը, քարտուղար՝ ծնունդով Բավրայից, Երևանի Պետական Համալսարանի Հանրային Կառավարում ֆակուլտետի ուսանող, երիտասարդական Բրայթ իմփաքթ ՀԶՀԿ-ի ծրագրերի համակարգող օր. Վեներա Պետրոսյանը, սոցիալական մեդիայի (SMM) մենեջեր՝ Աշոցքի և Երևանի երիտասարդական միութեան անդամ, ծնունդով Ղազանչիից, Երևանի Պետական Համալսարանի Հանրային Կառավարման ֆակուլտետի ուսանող, ԱՅԲ դպրոցի Կրթական գործընթացների համակարգման բաժնի պատասխանատու օր. Նաիրա Ղազարյանը: Կնշանակեն նաև այլ ոլորտային պատասխանատուներ՝ համայնքային 21 ներկայացուցիչ երիտասարդներից, որոնք ընտրուեցին ժողովրդապետների հետ խորհրդակցութիւնների արդիւնքում և նրանց առաջարկով: Պաշտօնները ընտրուել և նշանակուել են 3 տարի ժամկէտով:
Համագումարի ընթացքում քննարկուեցին նաև 2026 թուականին նախատեսուած գործողութիւնները, որոնք վերջնականապէս օրակարգերով հանդերձ կհաստատուեն առաջիկայ օրերին: Ծրագրուած ձեռնարկները բաժանւում են երկու հիմնական խմբերի՝
1.ընդհանուր գործողութիւններ, օրինակ՝ ամենամեայ ՀԿԵՄ Ընդհանուր Համագումարը, Մեծի Պահոց հոգևոր կրթութեան օրերը՝ փետրուար-մարտ ամիսներին, որոնք նախատեսուած է անցկացնել դարձեալ Երևանում, ամառային բակային և միասնական ճամբարներ, նախաձեռնող-ղեկավար խմբի իրազեկման և մոտիվացիոն այցելութիւններ՝ տարբեր համայնքներ՝ երիտասարդներին տեղում ակտիվացնելու ծրագրերով,
2.տեղական գործողություններ համայնքներում՝ ըստ ՀԿԵՄ ռազմավարության և սկզբունքների, օրինակ՝ կրոնուսուցում՝ կամավորներ ֆասիլիտատոր-ուսուցիչների միջոցով (այս պահին արդեն աշխատում են 5 երիտասարդներ, որոնք շարունակաբար պատրաստվում են), ձեռնարկներ՝ նվիրված եկեղեցական տոներին, Սուրբ Գրքի ուսումնասիրութեան ձեռնարկներ, կինոդիտում-քննարկումներ, ուխտագնացութիւններ և այլն:
Այս երկու ուղղութիւններից զատ և առանձնայատուկ կերպով՝ որպէս ՀԿԵՄ ամբողջ գործունէութեան նախապայման և մեկնակէտ, կարևորուեց նաև երիտասարդների անձնական և հաւաքական աղօթական կյանքի խորացումը և քրիստոնէական կրթութիւնը, առաւել խոր գիտելիքների ձեռքբերումը, որոնք իրականացուելու են առցանց և դեմ առ դեմ պատրաստութիւնների, հստակ գրականութեան ընթերցում-քննարկումների, գոյութիւն ունեցող առ-ցանց դասընթացներին (օրինակ՝ կրոնի ուսուցման դասընթացը, որ մեկնարկել է 2023-ին) միանալու միջոցով:
Երիտասարդական Ընդհանուր Համագումարն աւարտուեց խնջոյքով՝ Սուրբ Ծննդեան տօնական տրամադրութեամբ, Աստուծոյ Որդու Մարդեղութեան վսեմ խորհրդի հոգևոր խոր ապրումի սպասումով և այն մեծ Յոյսով, որով մեկնարկեց երիտասարդական այս նախաձեռնութիւնը, այն մեծ յոյսով, որ Քրիստոսն Ի՛նքն է, և «որը երբեք չի ամաչեցնում», ըստ առաքեալի խօսքի:
Հ.Գ. ՀԿԵՄ Ընդհանուր Համագումարի կազմակերպումը հնարաւոր եղավ իրականացնել Ամերիկեան կաթողիկէ եպիսկոպոսների խորհրդի (USCCB) առատաձեռն աջակցութեամբ, որի համար Յայտնում ենք մեր խորին շնորհակալութիւնը:
Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց Դիւան
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ