Պատրաստութեան օրեր՝ Սբ. Խորանի սպասաւորների համար
Արհ. Տ. Գէորգ Արքեպս. Նորատունկեանի նախաձեռնութեամբ 2025թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 2-ը Երևանի Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան մէջ կազմակերպուեցին 4-օրեայ դասընթացներ՝ համայնքների Սուրբ Խորանի սպասաւորների համար՝ նրանց հոգևոր ձևաւորման, Սուրբ Պատարագի և սպասաւորութեան վերաբերեալ գիտելիքների հարստացման, ծիսական հմտութիւնների զարգացման նպատակով: Դասընթացին մասնակցեցին 10-17 տարեկան 34 պատանիներ՝ Հայաստանի և Վրաստանի համայնքներից:
Դասընթացի օրակարգը յագեցած էր աղօթքով, տեսական բանախօսութիւններով և քննարկումներով, գործնական աշխատանքով և ճանաչողական, մշակութային այցելութիւններով:
«Խորանի սպասաւորութիւնը և ինչու՞ է այն կատարւում, ի՞նչ է Սուրբ Պատարագը» թեմայով բանախօսեց Տ. Միքայէլ Քհն. Դոմբուրեանը՝ մանրամասն և մատչելի լեզուով բացատրելով Սուրբ Պատարագի վսեմ և անզուգական Խորհրդակատարութեան իմաստը, հայկական ծէսի իւրայատկութիւնները և սպասաւորութեան դերակատարութիւնը՝ Եկեղեցու կեանքում:
Սուրբ Պատարագի աղօթքների արտասանութեան և երգեցողութեան գործնական աշխատանքները երկու օրերի ընթացքում ամենայն բծախնդրութեամբ վարեց Գերհ. Հ. Պետրոս Ծ. Վրդ. Եսայեանը՝ բացատրելով իւրաքանչիւր աղօթքի իմաստը, երգեցողութեան ձևը, Սուրբ Պատարագի ծիսական պարագաները, հանդերձանքը, գործողութիւնների ձևը և իմաստը:
Վերջին օրը Հ. Պետրոսը խօսեց քահանայական ծառայութեան, Աստծուն ծառայելու կոչումը հասկանալու և այդ կոչման հետևելու մասին՝ պատանի սպասաւորների հետ կիսելով իր անձնական փորձառութիւնը և աստուածային կոչմանը հետևելու իր յիշողութիւնները: Սպասաւորներից ոմանք հետաքրքրուած են քահանայական ծառայութեամբ և վարդապետի ու քահանաների խօսքերը ընդունեցին որպէս հրաւէր մտածելու իրենց հնարաւոր քահանայական կոչման մասին, որը զատորոշելու համար հարկաւոր է շարունակական աղօթք, կրօնական դաստիարակութիւն, լրջախոհութիւն, գիտելիքներ և սեր՝ Աստծոյ նկատմամբ:
Հոկտեմբերի 31-ին պատանիները առիթն ունեցան նաև այցելելու Նորարար փորձառական արւեստի կենտրոն և դիտելու «Մժեղը» ներկայացումը (հեղինակ՝ Արա Արծրունի): Ներկայացումից յետոյ պատանիները հանդիպում ունեցան դերասանների հետ և նրանց հետ քննարկեցին ներկայացման բովանդակութիւնը, ստացան իրենց հարցերի պատասխանները:
Նոյեմբերի 1-ին պատանիներն ուխտագնացութիւն կատարեցին դէպի Խոր Վիրապ սրբավայրը՝ Տ. Կոմիտաս Քհն. Դավէյեանի առաջնորդութեամբ, աղօթեցին Սբ. Գրիգոր Լուսաւորչին և խնդրեցին նրա բարեխօսութիւնը հայ ազգի սրբութեան և Հայ Կաթողիկէ Եկեղեցու պայծառութեան համար:
Աղբիւրը՝ Դիւան Առաջնորդութեան Կաթողիկէ Հայոց
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ