Յիշել պատմութեան դասերը․ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի յայտարարութիւնը
Մարիամ Երեմեան - Վատիկան
«Քո երկրում անիրաւութեան մասին այլեւս չի լսուելու եւ ոչ էլ քո սահմաններում՝ կոտորածի ու թշուառութեան մասին»․ Եսայի Մարգարէի աստուածաշնչական այս տողերով է (60, 18) սկսւում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) կենտրոնական կոմիտէի յունիսի 24-ի յայտարարութիւնը (https://www.oikoumene.org/resources/documents/statement-on-guarding-against-atrocity-crimes)՝ հրապարակուած Հարաւային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում յունիսի 18-24-ը կայացած հանդիպման աւարտին, որ թերէս կարել է ամփոփել հետեւեալ կերպ․
Դաժան ձեւերով իրականացուած ցեղասպանութիւնները, ստրկութիւնը, գաղութացումը, տարածքների համակարգուած բռնագրաւումը, պատմութեան յանցաւոր ջնջումը, որոնք նշանաւորել են մարդկութեան պատմութիւնը հնագոյն ժամանակներից ի վեր, այսօր՝ աւելի քան երբեւէ, պէտք է դատապարտուեն մի աշխարհում, որը, կարծես, կրկին կորցրել է խաղաղութեան կողմնացոյցը: Ամերիկայից մինչեւ Ասիա եւ Մերձաւոր Արեւելք եւ երեկուայ այս յանցագործութիւնները միաձուլւում են այսօրեայ յանցագործութիւնների հետ՝ գաղթականների, Գազայի Հատուածի բնակչութեան, իրենց հաւատքի համար թիրախաւորուած քրիստոնեաների եւ այլ կրօնական համայնքների անդամների դէմ։
Արդարութեան պահանջ եւ հաշտեցում
Պատերազմական յանցագործութիւնների, մարդկութեան դէմ յանցագործութիւնների պատճառած տեւական տառապանքը ստիպում է պահանջել «արդարադատութեան եւ հաշտեցման իրական գործողութիւններ»: Անցեալում թոյլ տրուած ողբերգական սխալները, կարծես, մոռացուել են, կարծես, մեզ ոչինչ չեն սովորեցրել, ինչպէս օրինակ հայերի դէմ ցեղասպանութիւնը․
«Չնայած հայերի ունեզրկումը, տեղահանութիւնը, սովը, սպանութիւնները եւ բնաջնջումը այն ժամանակ միջազգային նողկանք առաջացրին, այսօր էլ ամբողջ ազգաբնակչութեան դէմ կատարուած վայրագութիւնների մասշտաբին համապատասխան պատասխանատուութեան բացակայութիւնը լուրջ անարդարութիւն է», նշւում է ԵՀԽ յայտարարութեան մէջ։
Ճանաչել յանցագործութիւնները
20-րդ դարի պատերազմների, հակամարտութիւնների եւ հալածանքների հետեւանքները, մասնաւորապէս 1915 թուականին հայերի, ասորիների եւ հոյների կրած դաժան տառապանքները ԵՀԽ ի յայտարարութիւնում յիշւում են որպէս խորհրդանշական օրինակ, որոնք պէտք է «բացայայտօրէն ճանաչուեն»․
«․․․Ընդունում ենք, որ հարիւր տասը տարի առաջ՝ 1915 թուականին, Օսմանեան կայսրութեան գերիշխանութեան տակ գտնուող տարածքներում հայերի, սիրիական-արամէական-ասորի քրիստոնեաների եւ Պոնտոսի հոյների ամբողջ բնակչութիւնը դարձաւ թուրքական ազգայնական շարժումների զոհ։ Նրանց դէմ կատարուած վայրագութիւնները այնպիսի չափերի էին, որ սկզբից ոգեշնչեցին լեհ եւ հրեայ գիտնական Ռաֆայէլ Լեմքինի հետազօտութեան համար՝ «ցեղասպանութիւնը» միջազգային իրաւունքի համաձայն յանցագործութիւն ճանաչելու տալու համար»։
Եկեղեցիների համաշխարհային խորհրդի յայտարարութիւնը արթնացնում է մեզ մեր նիրհից, կամ որ աւելի վատ է մեր անգիտակցութիւնից եւ անզգայութիւնից։ «Անցեալում կատարուած նման յանցագործութիւնների ճանաչման, յիշողութեան եւ պատասխանատուութեան բացակայութիւնը թոյլ է տուել եւ խրախուսել է դրանց կրկնութիւնը», - շարունակում է գրել ԱՀԽ-ը՝ մէջբերելով Ատոլֆ Հիտլերի կողմից 1939 թուականին իր մօտալուտ չարիքները արդարացնելու համար արտաբերուած սարսափելի արտայայտութիւնը․ «Ո՞վ է, ի վերջոյ, այսօր խօսում հայերի ոչնչացման մասին»:
Կանխարգելում եւ պատիժ
Խորհուրդը յղում է կատարում Ցեղասպանութեան յանցագործութեան կանխարգելման եւ պատժի մասին» համաձայնագրին (1948-1951)՝ քննադատելով «չափազանց հազուադէպ եւ անարդիւնաւէտ» կիրառումը։ Դիմում է նաեւ Հռոմի կանոնադրութեանը (1998-2002) եւ նրա կողմից հիմնադրած Միջազգային քրէական դատարանին, որը նախատեսում է անհատական քրէական պատասխանատուութիւն ցեղասպանութեան, մարդկութեան դէմ յանցագործութիւնների, պատերազմական յանցագործութիւնների համար:
Յիշել պատմութեան դասերը
ԵՀԽ յայտարարութիւնը կապւում է Յոհաննեսբուրգում հրապարակուած մէկ այլ յայտարարութեան հետ, որում այն կոչ է անում բոլոր պետութիւններին «յիշել պատմութեան դասերը, փոխել ուղղութիւնը՝ պատերազմից հեռու եւ դէպի խաղաղութիւն, դադարեցնել նորացած սպառազինութիւնների մրցավազքը, նահանջել միջուկային բախման անդունդից եւ բացայայտել կայուն խաղաղութեան իրական հիմքերը՝ ոչ թէ զէնքի ուժով, այլ արդարութեան եւ բոլորի համար հաւասար իրաւունքների հետապնդման եւ մեր ընդհանուր մարդկութեան ճանաչման մէջ»։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ